Մասիս քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում հուլիսի 6-ին, ժամը 12.00-ին տեղի է ունենալու Զարուհի Պետրոսյանի սպանության մեջ մեղադրվող Յանիս Սարկիսովի դատավարության հերթական նիստը: Այս մասին հայտնում է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի քարտուղարությունը:

Նախորդ դատաքննությունը հետաձգվել էր սույն գործով մնացած վկաների բացակայության պատճառով, ընդ որում` դատարանի կողմից որոշում կայացվեց` վկաներին բերման ենթակել: Սույն դատավարության ընթացքում վկայությունով հանդես են գալու մնացած վկաները:

Հիշեցնենք, որ Զարուհի Պետրոսյանը մահացել է  2010 թ. -ի հոկտեմբերի 1-ին: Նա ունի մանկահասակ դուրստր, որը գտնվում է մանկատանը: 

Կնոջ ողբերգական մահից հետո 7 հասարակական կազմակերպություններ ստեղծեցին «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիա, որը հետամուտ է լինում Զարուհի Պետրոսյանի ողբերգական մահվան դեպքի քննությանը եւ կոչ է անում իշխանություններին օրենքի սահմաններում ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները, որ նման դեպքերը ՀՀ-ում չմնան անպատիժ: