Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն հայտարարել է Բելառուսի հետ սահմանին պատ կառուցելու մասին՝ ապօրինի միգրանտների հոսքի բազմակի աճի պատճառով, հայտնում է Reuters-ը:

«Սա հստակ նշան եւ որոշակի զսպիչ միջոց կդառնա նրանց համար, ով կազմակերպում է անօրինական միգրանտների հոսքը»,- ասել է Շիմոնիտեն եւ նշել, որ կառավարությունը պետական ​​սահմանների պաշտպանության գործում նաեւ զինվորականների է ներգրավելու:

Երկրի իշխանությունները պատ կառուցելու մասին առաջին անգամ մտածեցին հունիսի կեսին՝  փախստականների հետ կապված խնդիրները լուծելու համար: Ենթադրվում էր, որ գիծը կամրապնդվի պարիսպի երկու շարքով, փշալարերով եւ ազդանշանային համակարգով: ՆԳՆ-ն նախագծի արժեքը 15 միլիոն եվրո է գնահատել:

Հուլիսի 2-ին Լիտվայի կառավարությունն արտակարգ ռեժիմ էր ներդրել՝ Մերձավոր Արեւելքից ապօրինի միգրանտների հոսքի պատճառով, որոնք Բելառուսի տարածքով մտնում են Բալթյան երկրներ: Ըստ լիտվացի սահմանապահների՝ ապօրինի ներգաղթյալների թիվը 2020-ի համեմատ աճել է ավելի քան տասն անգամ:

Ստեղծված իրավիճակում Վիլնյուսը մեղադրել էր պաշտոնական Մինսկին եւ անձամբ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին: Ենթադրվում է, որ երկրի իշխանություններն իրենց ազգային տուրօպերատոր «Ցենտրկուրորտ» օգտագործում են Սիրիայից եւ Իրաքից լիտվական սահմաններ միգրանտներին տեղափոխելու եւ դրանով գումար են վաստակում: