Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանից պարզաբանումներ է պահանջել ապօրինի ծառահատման վերաբերյալ:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը տպագիր մամուլից տեղեկացել է, որ հոկտեմբերի 11-ին Երեւանի կենտրոնում` Կոնսերվատորիայի դիմացի այգում, գիշերը, սանիտարական էտման հիմնավորմամբ իրականացվել է ծառահատում:
Այդ հարցի կապակցությամբ Պաշտպանը հեռախոսազրույց է ունեցել Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հետ, որը հայտնել է, որ «Կենտրոն կանաչապատում» ընկերության կողմից որեւէ առողջ ծառ չի հատվել եւ այդ մասին տեղեկատվությունը կտրամադրվի առաջիկա մամուլի ասուլիսում":




























