Բազմաթիվ լրագրողներ եւ լուսանկարիչներ երեկ Բեռլինում այցելել են IBF վարկածով միջին քաշային աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի եւ հոկտեմբերի 17-ին նրա մրցակիցը հանդիսացող Ժերմեն Թեյլորի բաց մարզումներին։
Աբրահամը հայտարարել է, որ «Թեյլորին տհաճ անակնկալ է սպասվում։ Ճիշտ է, նա լավ բռնցքամարտիկ եւ մեծ չեմպիոն է, բայց ռինգում դեռ չի հանդիպել մի բռնցքամարտիկի, ով կտիրապետի այնպիսի հարվածների, որոնց ես եմ տիրապետում։ Նա դրանում կհամոզվի շաբաթ օրը։ Ես նրան շատ եմ հարգում, բայց նա չի կարող պարտության մատնել ինձ՝ իմ հարազատ մարզասրահում։ Super Six-ի մրցաշարը մեծ մարտահրավեր է ինձ համար, եւ ես ուզում եմ դրա ավարտից հետո աստղ դառնալ Ամերիկայում»։
Թեյլորն, իր հերթին, ասել է, որ, որպես բռնցքամարտիկի, շատ է հարգում Աբրահամին՝ սպորտի այս ձեւի սիրահարներին խոստանալով դիտարժան մրցամարտ։ Նա հավաստիացնում է, թե ինքը չի պարտվի, քանի որ իր հակառակորդին լավ է ուսումնասիրել։




























