Հայաստանի ԳԱԱ նորընտիր նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը խոստովանում է, որ իր ղեկավարած կառույցում խնդիրները բազմաթիվ են, սակայն միաժամանակ հավելում, որ իր նախագահության հաջորդ հինգ տարիներին դրանք լուծելու համար անելու է հնարավոր ամեն բան։ Այս մասին ինքը՝ Ռադիկ Մարտիրոսյանը, հայտարարեց հուլիսի 1-ին կայացած մամուլի աոուլիսի ժամանակ։

«ԳԱԱ-ում խնդիրները շատ են՝ սկսած գիտության արդյունավետության բարձրացումից եւ տնտեսության մեջ դրա ներդրումից, վերջացրած գիտության մեջ երիտասարդների ներգրավումից եւ միջազգային համագործակցության սերտացումից։ Ինչ վերաբերում է երիտասարդներին գիտության մեջ ներգրավելու քաղաքականությանը, ապա դա բավական դժվար հարց է, քանի որ երիտասարդներին առաջարկած մեր աշխատանքը վարձատրության տեսանկյունից այնքան էլ հրապուրիչ չէ։ ԳԱԱ-ում միջին  աշխատավարձը 60 հազար դրամ է՝ չհաշված միջազգային գրանտների հաշվին հավալավճարները եւ բուհերում ծավալած նրանց մանկավարժական գործութնեության դիմաց վարձատրոթյունից։ Եթե 1990 թվականի հունվարի 1-ի դրությամբ մեր համակարգում աշխատում էր 7000, 2006-ի հունվարի դրությամբ՝ 3700 մարդ, ապա այժմ Հայաստանի ԳԱԱ-ում աշխատում է ընդամենը 4100 մարդ։ Աշխատողների թվաքանակի նվազումը պայմանավորված է մի քանի ինստիտուտների միավորմամբ»,- բացատրեց Ռադիկ Մարտիրոսյանը։

Ամփոփելով՝ ԳԱԱ նորընտիր նախագահը տեղեկացրեց, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Գիտությունն ամբողջ աշխարհում» 5 տարին մեկ հրատարակվող գրքի տվյալների համաձայն՝ Հայաստանը տարածաշրջանում ամենազարգացած գիտություն ունեցող երկիրն է։ «Պետական բյուջեից յուրաքանչյուր տարի գիտության համակարգին Հայաստանում հատկացվում է 23 մլն դոլար,այն դեպքում, երբ Ադրբեջանում այդ գումարը 124 մլն դոլար է։ Ինչ վերաբերում է Իսրայելին, ապա այդ երկիրը գիտությանն ամեն տարի շուրջ 5 մլրդ դոլար է տրամադրում»։

Նշենք, որ ԳԱԱ նախագահի ընտրությունները տեղի էին ունեցել հունիսի 28-ին։ 102 «կողմ» ձայներով նախագահի պաշտոնում վերընտրվել էր Ռադիկ Մարտիրոսյանը։