Հուլիսի 1-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հանձնել է Թմրանյութերի չարաշահման եւ ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ անցկացված «Նկարում ենք կյանք» խորագրով ծրագրի հաղթողների մրցանակները։
Հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ Շառլ Ազնավուրի անվան հրապարակում «Նկարում ենք կյանք» միջոցառման ընթացքում Երեւանի գեղարվեստի պետական ակադեմիայի եւ Երեւանի Փ. Թերլեմեզյանի անվան պետական քոլեջի ուսանողները նկարների միջոցով ներկայացրել էին կյանքն իրենց պատկերացումներով։
Թեմատիկ նկարներով երիտասարդները հանրության ուշադրությունն են սեւեռել այսօրվա ամենաարդիական խնդիրներից մեկի՝ թմրամոլության վրա, երեւույթ, որը շարունակում է կործանել մարդկային կյանքեր, ծնել հանցագործություն եւ սպառնալ կայուն զարգացմանը։
«Նկարում ենք կյանք» ծրագրի շրջանակներում առաջին մրցանակի է արժանացել Անի Եսայանը (70 հազար դրամ), երկրորդ մրցանակի՝ Անի Մարիկյանը (50 հազար դրամ) եւ երրորդ մրցանակը ստացել է Գեղամ Պողոսյանը (30 հազար դրամ)։
Ուսանողների նկարները Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կնվիրի տարբեր բուժհաստատությունների։




























