Լիտվայում հաշվարկում են մի քանի ամսում կառուցել փշալարե պարիսպ Բելառուսի հետ սահմանին, որպեսզի վերահսկողության տակ վերցնեն անլեգալ միգրանտների հոսքը, ինչը Վիլնյուսում դիտարկում են որպես Մինսկի հիբրիդային գրոհ, տեղեկացնում է Ինտերֆաքսը։

«Այսօրվանից սկսվել է փշալարե պարսպի կառուցումը։ Նախատեսված է անցկացնել 550 կիլոմետր փշալար։ Նաեւ որոշում է ընդունվել սկսել Բելառուսի հետ սահմանին պարպսի կառուցումը։ Ամեն ինչ հետեւյալ տեսքը կունենա. անցկացնում ենք փշալար եւ զուգահեռ կառուցում պարիսպ։ Պարսպի կառուցման ժամանակ մենք կօգտագործենք փշալարե արգելապատնեշ, դա կլինի կրկնակի պաշտպանություն»,- ուրբաթ լրագրողներին ասել է Լիտվայի ներքին գործերի նախարար Ագնե Բիլոտայտեն։ Նման արգելապատնեշի գինը կկազմի մոտ 41 մլն եվրո, տեղեկացրել է ՆԳՆ ղեկավարը։

Բելառուսի հետ Լիտվայի սահմանի ընդհանուր երկարությունը 678,8 կիլոմետր է։ Լիտվայի ՆԳՆ ղեկավարի խոսքով՝ նպատակը Բելառուսի հետ ամբողջ սահմանը ֆիզիկական արգելապատնեշով փակելն է։ «Առաջին փուլը փշալարերն են։ Երկրորդ փուլին կմոտենանք ֆիզիկական պատնեշի կառուցմամբ»,- ասել է նախարարը։

Ինչպես հայտարարել է Բիլոտայտեն, Լիտվան կկարողանա «դա բավական արագ անել», ֆիզիկական պարիսպը կկառուցվի «առավելագույն կարճ ժամկետում»։

Լիտվայի պետական սահմանի պահպանության ծառայության ղեկավար Ռուստամաս Լյուբաեւասը հավաստիացրել է, որ փշալարե պարիսպը կարող է լիովին անցկացվել մի քանի ամսվա ընթացքում։ «Մենք հավաստիացում ենք ստացել, որ կարելի է այդ փշալարի անհրաժեշտ քանակություն բերել, եւ մենք կներդնենք փուլ առ փուլ (...) Ընկերությունները հավաստիացրել են, որ երկու-երեք ամսում կարող են լիովին բավարարել մեր պահանջը»,- ասել է նա։