Գործող Սահմանադրությունը հեգնանք է: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը` պարզաբանելով. «Հեգնանք է այն ձեւակերպումը, թե Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին եւ այն, թե պատգամավորը պետք է առաջնորդվի խղճի մտոք: Հլը գնացեք, տեսեք, թե պատգամավորներից քանի՞սը խիղճ ունեն: Գուցե`մեկ-երկու հոգի ունենան, բայց դա էլ է հեգնանք: Վազգեն Խաչիկյանն էլ ժամանակին շատ էր խոսում խղճի մասին` թալանելով թոշակառուներին»:
Նա նշեց, որ իր ղեկավարած կուսակցության եւ մի քանի այլ հասարակական-քաղաքական ուժերի կողմից ձեւավորված «Ազգային ճակատը» առաջ է քաշելու սոցիալիստական արդարության խնդիրները` առաջարկելով, որ մի շարք ոլորտներ ազգայնացվեն: Օրինակ` ծխախոտը, խմիչքը: «Ազգայնացումը երկրում տիրող համատարած թալանի դեմ քայլ կլինի»,-նկատեց Կարապետյանը:
«Չպետք է խլել ժողովրդի ձեռքի վերջին եկամուտը: Հայտնի է, որ «Զվարթնոց» օդանավակայանի սեփականատեր Էդուարդո Էռնեկյանը որոշել է խաղողի դրախտային այգիներ հիմնել: Եթե նա սկսի խաղող մշակել, ինքը կգտնի նաեւ մարդկանց, ովքեր կարտահանեն իր ապրանքը: Իսկ այն մարդիկ, ովքեր մինչեւ այդ խաղող էին գնում գյուղացուց, այժմ կգնեն Էռնեկյանից: Գյուղացու վերջին եկամտի աղբյուրը, փաստորեն, այս միջոցով էլ է փակվելու»,-բացատրեց ԺԿ նախագահը:
Նա այս համատեքստում նշեց նաեւ էկոլոգիական խնդիրները, որոնք եւս պետական սեփականությունը մասնավոր սեկտորին վաճառելու հետեւանք են: «Ոչ մի օլիգարխ չի հոգում էկոլոգիայի մասին, նա միայն շահագործում է ընդերքը: Իսկ պետությունը կմտածեր նաեւ էկոլոգիայի մասին, որովհետեւ եթե չմտածեր, խնդիրներ կունենար»,-նկատեց բանախոսը:




























