Օրերս լոնդոնյան «Չելսիի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին մասնակցել է իտալական հեռուստատեսության «Chiambretti Notte» հեռուստածրագրին, որին ավելի վաղ մասնակցել էր նաեւ իտալական «Ինտեր»-ի մարզիչ Ժոզե Մուրինյուն։

Անչելոտտիին բազմաթիվ հարցեր են տվել իր նախկին ակումբի՝ «Միլան»-ի մասին, որը դժվարին օրեր է ապրում։ Իտալացի մասնագետը չի համաձայնել այն բանի հետ, որ ակումբը «հիվանդ» է եւ չի կարող դուրս գալ այս վիճակից։

«Միլանը» չի կարող խորտակվել։ Չկա մի ակումբ, որ ունենա նրա պատմության նման պատմություն։ Այո, ակումբն անկում է ապրում, բայց հիվանդության մասին խոսելը աբսուրդ է։ Լեոնարդոյին պետք է հնարավորություն տրվի հանգիստ շարունակել իր աշխատանքը, նա երիտասարդ մասնագետ է եւ լավ փոխհարբերություններ ունի ֆուտբոլիստների հետ",-ասել է Անչելոտտին։

Ինչ վերաբերում է Մուրինյոին, ապա Անչելոտտին հատկապես ասել է, որ նրանց միջեւ, մեղմ ասած, բարեկամություն չկա։ Բանն այն է, որ պորտուգալացի մասնագետը այդ հաղորդմանը հյուր եղած ժամանակ իրեն համեմատել է Հիսուս Քրիստոսի հետ։ Անչելոտտին ասել է, որ «եթե Մուրինյոն Հիսուսն է, ապա ես հաստատ նրա առաքյալը չեմ»։

Նշենք, որ, եթե Մուրինյոին հաջողվել է փայլել սրամտությամբ, ապա միայն այդքանը։ Իրականում նրա եւ քրիստոնեության հիմնադրի միջեւ որեւէ ընդհանուր բան փնտրելը տխմարություն է…