Այն ընկերությունները եւ անհատ ձեռնարկատերերը, որոնք 2008 թ. հունվարի 1-ի դրությամբ գրանցված են պետռեգիստրում, բայց փաստացի չեն գործում, կհանվեն պետական հաշվառումից: Այդ մասին այսօր`հուլիսի 1-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ կառավարությանն առընթեր Պետեկամուտների կոմիտեի պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը: Խոսք է գնում մոտ 40 հազ. տնտեսվարող սուբյեկտների մասին, որոնք հարկային հաշվարկներ եւ հաշվետվություններ չեն ներկայացնում արդեն տարիներ շարունակ:
ՊԵԿ-ի կողմից այդ սուբյեկտների ցանկերը կներկայացվեն պետռեգիստրին մինչեւ հուլիսի 15-ը, որից հետո պետռեգիստրը պարտավոր է 2 ամսվա ընթացքում պատշաճ իրազեկում իրականացել այդ տնտեսվարողներին: Եթե տնտեսվարողները պաշտոնապես չտեղեկացնեն, որ չեն ցանկանում լուծարվել եւ հաշվառումից դուրս գալ, ապա ավտոմատ կհանվեն պետական հաշվառումից: «2012 թ. ՊԵԿ-ում հաշվառման մեջ կլինեն միայն գործող սուբյեկտներ»,- խոստացավ Ա. Ալավերդյանը:
Սույն գործընթացն իրականացվում է 2011 թ. մայիսի 26-ին ընդունված «2008 թ. հունվարի 1-ի դրությամբ հարկային հաշվետվություններ չներկայացրած կազմակերպությունները լուծարելու եւ անհատ ձեռնարկատերերին պետական հաշվառումից հանելու մասին» օրենքի պահանջն ի կատար ածելու նպատակով:
Նշենք, որ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` 2011 թ հունիսի 1-ի դրությամբ պետռեգիստրում գրանցված են 63.6 հազ. իրավաբանական անձեր եւ 87 հազ. անհատ ձեռնարկատերեր:



























