Հոկտեմբերի 13-ին Հայաստանում անցկացվելիք «ՆԱՏՕ-ի շաբաթվա» շրջանակում Երեւանի պետական համալսարանի գրադարանում բացվել է լուսանկարչական ցուցահանդես, որը նվիրված էր Կոսովոյում ծառայություն անցնող հայ խաղաղապահներին:
Ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը ելույթ է ունեցել Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Արման Կիրակոսյանը: Նա անդրադարձել է հայ խաղաղապահների առաքելության կարեւորությանը Հայաստանի միջազգային վարկանիշի բարձրացման գործում եւ նշել է, որ ցուցահանդեսի նպատակն է հայ հասարակությանը ներկայացնել Կոսովոյում ՆԱՏՕ-ի հովանու ներքո իրականացվող խաղաղապահ առաքելության առօրյան, հայ խաղաղապահների ծառայության հետաքրքիր դրվագները:
Ցուցահանդեսը կազմակերպված է ՆԱՏՕ-ի հանրային դիվանագիտության ստորաբաժանման հետ համատեղ եւ նպատակ ունի առավել լայն տեղեկատվություն տրամադրել ՆԱՏՕ-ի, նաեւ` Հայաստանի ու Դաշինքի միջեւ համագործակցության վերաբերյալ եւ բարձրացնել հանրային իրազեկությունը: Միջոցառմանը ներկա էին Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի դեսպանությունների, ՆԱՏՕ-ի հանրային դիվանագիտության ստորաբաժանման ներկայացուցիչները, բազմաթիվ ուսանողներ:
Լուսանկարչական ցուցահանդեսը կգործի մինչեւ հոկտեմբերի 15-ը:
Իսկ հոկտեմբերի 14-ին ԱԳՆ սրահում տեղի է ունեցել Երեւան-Պրիշտինա հեռուստակամուրջը՝ Կոսովոյում հայ խաղաղապահ գումարտակի մի քանի տասնյակ զինծառայողի եւ նրանց ընտանիքների անդամների համար: Միջոցառման սկզբում ցուցադրվել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ողջույնի խոսքը` ուղղված հեռուստակամրջի մասնակիցներին:
Միջոցառմանը ներկա են եղել Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը, Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Մարի Յովանովիչը, Միացյալ Թագավորության դեսպան Չարլզ Լոնսդեյլը, Հունաստանի դեսպան Իոաննիս Կորինթիոսը եւ ՆԱՏՕ-ի հանրային դիվանագիտության ստորաբաժանման ներկայացուցիչ Միշել Դյուրեյը:



















