Թուրքական Բուրսա քաղաքում քիչ առաջ ավարտվել է Հայաստանի եւ Թուրքիայի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Աբդուլահ Գյուլի դեմ առ դեմ հանդիպումը: Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը Բուրսայից, նախագահները դեմ առ դեմ հանդիպել են Բուրսայի «Ալմիրա» հյուրանոցում:

Իսկ մինչ Թուրքիայի նախագահի հետ հանդիպումը Սերժ Սարգսյանն այցելել է «Holiday Inn» հյուրանոց, որտեղ հանդիպել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հետ՝ նրանց քաջալերելու նպատակով: Հայաստանի նախագահը հայ ֆուտբոլիստներին մարզական հաջողություն է մաղթել:

Հիշեցնենք, որ այսօր՝ երեւանյան ժամանակով ժամը 23-ին սկսվելու է Հայաստանի եւ Թուրքիայի ազգային հավաքականների ֆուտբոլային հանդիպումը, որին ներկա են գտնվելու երկու նախագահները:
Թիմերի նախորդ հանդիպումը կայացել է 2008 թ. սեպտեմբերի 6-ին՝ Երեւանում, եւ թուրքական ընտրանին 2:0 հաշվով հաղթանակ է տարել Հայաստանի թիմի նկատմամբ: