Երևանի 2800-ամյակի այգու հարևանությամբ գտնվող Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի տարածքը մեկ տարուց ավելի փակված է: Ներսում ակտիվ շինարարական աշխատանքներ են իրականացվում: Պատմամշակութային արժեք հանդիսացող արձանի անբաժանելի մաս կազմող 5 սյուները բացման օրվանից՝ 1980 թվականից մինչև օրս երբևէ չէին հիմնանորոգվել, վթարային վիճակում էին և վտանգ էին ներկայացնում այգու բազմահազար այցելուների համար: Հուշարձանի վերականգնման և ամրացման կարևոր և պատասխանատու այս գործը պարզվեց իրականացնում է ոչ թե պետությունն, այլ բարերարը՝ մասնավորապես հայտնի գործարար և բարերար Միքայել Վարդանյանը:
Հիշեցնենք, որ Միքայել Վարդանյանը 2003 թվականին որպես անկուսակցական ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր և 9 տարուց ավելի է՝ մանդատը վայր դնելուց մինչ այսօր, քաղաքական գործունեությամբ չի զբաղվում: Միքայել Վարդանյանն ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր ակտիվ զբաղվում է բարեգործությամբ: Մյասնիկյանի հուշարձանի վերականգնումը բարերարի աջակցությամբ միակ ծրագիրը չէ: Ծրագրերի ուղղվածությունը լայն է: Մասնավորապես, բարերարն օգնել է հաշմանդամություն ունեցող անձանց, այդ թվում նաև երեխաներին, բազմազավակ մայրերին, զոհված զինծառայողների ընտանիքներին և այլն: Բարեգործական ծրագրերի շրջանակում Միքայել Վարդանյանի ֆինանսավորմամբ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում իրականացվել են հարյուրավոր ծրագրեր: Ոռոգման և խմելու ջրագծեր են անցկացվել, հիմնանորոգվել են ճանապարհներ, մշակութային տներ, մանկապարտեզներ, դպրոցներ: Մի շարք համայնքներում լուծվել է գազիֆիկացման և լուսավորության խնդիրը: Բազմաթիվ համայնքներ ապահովվել են անհրաժեշտ գյուղտեխնիկայով, իրականացվել են համայնքային նշանակության մի շարք այլ ծրագրեր ևս: Ի դեպ, ճշտեցինք, որ հուշարձանի հիմնանորոգման աշխատանքներն ամբողջությամբ կավարտվեն 2021 թվականի դեկտեմբերին:





























