Թուրքական Բուրսա քաղաքում կայացել է Հայաստանի եւ Թուրքիայի նախագահների հանդիպումը: Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների հարաբերությունների կարգավորման գործընթացի հետագա զարգացման հարցերը: Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը տեղեկացրել է իր հայ գործընկերոջը, որ հոկտեմբերի 10-ին ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանին են ներկայացվելու արդեն հոկտեմբերի 21-ին:

Հիշեցնենք, որ մի քանի րոպե առաջ «Almira» հյուրանոցում ավարտվել է Հայաստանի եւ Թուրքիայի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Աբդուլահ Գյուլի հանդիպումը:

Այս պահին հյուրանոցում պաշտոնական ընթրիքն է ընթանում ի պատիվ բարձրաստիճան հյուրի, ընթրիքի ժամանակ հայկական պատվիրակությանը հյուրասիրելու են ավանդական թուրքական ուտեստներով՝ շաքարապատ շագանակներով եւ այլ խորտիկներով: