Թուրքական Բուրսա քաղաքի Աթաթուրքի անվան մարզադաշտում րոպեներ առաջ սկսվեց Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլային հավաքականների հանդիպումը: Մարզադաշտում իրավիճակը վերահսկվում է, սակայն մարզադաշտի մուտքի մոտ ցուցարարներ են հավաքվել, որոնք առավելապես դժգոհում են, որոնք չեն կարողացել խաղի տոմսեր ձեռք բերել: Շատերի ձեռքին ադրբեջանական դրոշներ կան:
Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը Բուրսայից, խաղը դիտում են Հայաստանի եւ Թուրքիայի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Աբդուլա Գյուլը, երկու երկրների բազմաթիվ պաշտոնյաներ: Մինչ հանդիպումը Սերժ Սարգսյանը «Almira» հյուրանոցում դեմ առ դեմ ձեւաչափով բանակցություններ է անցկացրել Թուրքիայի նախագահի հետ, մասնակցել իր պատվին տրված պաշտոնական ընթրիքին, որտեղ մատուցված կերակուրների մի մասն իր ձեռքով պատրաստել էր Թուրքիայի նախագահի կինը:
Հայաստանի հավաքականը խաղին ներկայացել է Ռոման Բերեզովսկի, Աղվան Մկրտչյան, Ռոբերտ Արզումանյան, Հրայր Մկոյան, Սարգիս Հովսեփյան (թիմի ավագ), Կառլեն Մկրտչյան, Արարատ Առաքելյան, Արման Քարամյան, Արտավազդ Քարամյան, Հենրիխ Մխիթարյան եւ Հովհաննես Գոհարյան կազմով: Սերժ Սարգսյանը Բուրսա այցելելուց անմիջապես հետո հանդիպել է մեր հավաքականի հետ եւ մարզական հաջողություններ մաղթել հայ ֆուտբոլիստներին:
Հիշեցնենք, որ երկու թիմերի նախորդ հանդիպումը կայացել է 2008թ. սեպտեմբերի 6-ին՝ Երեւանում, երբ Թուրքիայի հավաքականը 2:0 հաշվով հաղթանակ տարավ Հայաստանի նկատմամբ:




























