Հայ խաղաղարարները պահպանելու են աֆղանական Քունդուզ քաղաքի օդանավակայանը, ակտիվ ռազմական գործողություններից հեռու: Այդ մասին Երեւան- Բրյուսել հեռուստակամուրջի ընթացքում հայտարարել է ՆԱՏՕ-ում Հայաստանի դեսպան Սամվել Մկրտչյանը:

Նրա խոսքերով, ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցության կարեւոր տարր է Դաշինքի զորքերի կազմում խաղաղարար գործողություններին մասնակցելը: Նա հիշեցրել է, որ հայ խաղաղարարները մասնակցել են Կոսովոյի գործողություններին, իսկ այսօր որոշում է կայացվել առավելագույն ներդրում ունենալ Աֆղանստանում անվտանգության հաստատմանը; «Մենք որոշել ենք մեր զինվորներին ուղարկել Աֆղանստան»,- նշել է նա:

Մկրտչյանի խոսքերով, հայ խաղաղարարների ներկայությունը Աֆղանստանում երկու նպատակ է հետապնդում, որոնցից առաջինը՝ ներդրում ունենալ միջազգային անվտանգության ապահովման գործում, 2-րդը՝ բարձրացնել հայ զինվորականների մակարդակը:

Նշենք, որ այսօր կողմերը գտնվում են իրավաբանական փաստաթղթերի ձեւակերպման փուլում: