Ավարտվեց Հայաստանի եւ Թուրքիայի հավաքականների՝ 2010թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում կայացած հանդիպումը: Երկրորդ խաղակեսում, ինչպես եւ սպասվում էր, դաշտում հավասար խաղ էր ընթանում, կարելի է ասել, որ հայկական հավաքականը տարածքային որոշակի առավելություն ուներ: Ինչը զարմանալի չէ, քանի որ թուրք ֆուտբոլիստները փոքրամասնություն էին կազմում: Մրցակցի դարպասը գրավելու ռեալ հնարավորություն ուներ Մարկոսը, սակայն մոտ տարածությունից նրա հարվածին դիմակայեց դարպասապահը: Երկար եւ հրաշալի հարվածով աչքի ընկավ Կառլեն Մկրտչյանը, բայց գնդակն անցավ դարպասաձողի վրայով:

Իհարկե, պետք է ընդունել, որ Թուրքիայի հավաքականն այսօր մի գլուխ բարձր էր: Եւ Վարդան Մինասյանի սաների նկատմամբ տարած երկու հաղթանակն էլ օրինաչափ է: Այդուհանդերձ, չնայած ընտրական փուլը մեր հավաքականն ավարտեց մինորային նոտայով, լավատեսության հիմքեր կան: Սրանք մեր երիտասարդ խաղացողներն են, բավական հեռանկարային, եւ ճիշտ աշխատանքի դեպքում եւ մի շարք այլ պայմաններում կարելի է հուսալ, որ մեր փողոցում էլ մի գեղեցիկ օր տոն կլինի: