Արմատական ընդդիմությունը փորձում է արմատական լուծումներ տալ և այս ընդդիմության թիվ մեկ քաղաքական խնդիրը այս իշխանությանը ճանապարհ դնելն է, նախապատրաստել նոր պայմաններ նոր ընտրությունների համար։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը` խոսելով նոր ձեւավորված ԱԺ-ից իր ստացած տպավարությունների մասին:
«Կարծում եմ, որ ամեն ինչ տրամաբանական է։ Այսինքն կա արմատական ընդդիմություն, որը իրեն դիրքավորում է որպես այդպիսին։ Ընդ որում պառլամենտի երկու խմբակցություններն էլ առավելագույնս փորձում են օգտագործել բոլոր ընձեռնված հնարավորությունները, գործիքակազմերը, որոնք թույլ են տալիս իրենց արմատական ընդդիմադիր կեցվածքը դրսևորել։ Երկու խմբակցություններն էլ նախևառաջ խորհրդարանում մանդատ են վերցրել, որպեսզի քաղաքական հարցեր լուծեն, այլ ոչ միայն օրենսդրական, որովհետև խորհրդարանը, որը խորհրդարանական երկրի առաջնային մանդատով միակ ընտրովի քաղաքական մարմինն է և ամենաբարձր քաղաքական ամբիոնը, դա պետք է օգտագործի հենց նման խնդիրներ լուծելու համար։ Ինչպես տեսանք՝ արմատական ընդդիմությունը փորձում է արմատական լուծումներ տալ և այս ընդդիմության թիվ մեկ քաղաքական խնդիրը այս իշխանությանը ճանապարհ դնելն է, նախապատրաստել նոր պայմաններ նոր ընտրությունների համար»,-ասաց նա։
Քախտեխնոլոգի կարծիքով` այսօրվա նիստն էլ ցույց տվեց, որ քաղաքական ճգնաժամը ընտրություններով չի լուծվել. «Ընդհակառակը՝ կարծում եմ՝ խնդիրները, որոնք առաջացնում են ճգնաժամեր, ավելացել են, որովհետև նախկին խնդիրներին, որոնք բխում են պատերազմում պարտությունից, այդ պարտության շուրջ տարբեր տիպի կասկածներից, այդ հարցերը չեն փակվել, քանի որ ընտրությունների արդյունքները չէին կարող այդ հարցերը փակել, քանի որ տվյալ իշխանության խղճի վրա է այդ բոլոր հարցերի առաջացումը։ Այսօրվա ընդդիմության կեցվածքը հենց դրան է նպաստում, որ աընդհատ շեշտեն խնդիրները, որոնք կապված են գործող իշխանության հետ»։
Վիգեն Հակոբյանն ասաց, որ այն տեխնոլոգիան, որը կիրառվեց ասյօր՝ բավականին էֆեկտիվ էր։
«Սա փորձված մարդկանցից կազմված ընդդիմություն է, որոնք գիտեն՝ ինչ է իշխանությունը և շատ լավ գիտեն՝ ինչ մեխանիզմներ կան իշխանությունը պահելու համար և իշխանությունը հանձնելու համար։ Այսօր քաղաքական փոքրամասնությունը, օգտագործելով բոլոր տիպի տեխնոլոգիաները և գործիքակազմերը, սպորտային լեզվով ասած՝ միավորներով հաղթում են։ Երբ ընդդիմությունը հանդես է գալիս արմատական դիրքերում, համապատասխան են նաև սպասումները իրենցից արմատական տրամադրված ընտրազանգվածի մոտ, որոնք իրենց ընտրել են։ Կարծում եմ՝ այդ ընտրազանգվածը նախևառաջ իրենցից քաղաքական դեմարշներ, խիզախություն և ակցիաներ է սպասում, ոչ թե երկար-բարակ օրենքերի քննարկում։ Առաջին օրը ընդդիմադիր ընտրազանգվածի սպասումները բավարարվել են։ Ինչ-որ մի փուլում, երբ ընդդիմությունը տենսի, որ իր ձայների ռեսուրսը չի հերիքում, որպեսզի համոզեն քաղաքական մեծամասնությանը տեղից շարժվելու, նրանք կփորձեն փողոցը ակտիվացնել և փորձել փողոցի ռեսուրսը գումարել պառլամետի ռեսուրսին՝ ավելացնելով ճնշումը։ Իշխանությունը շատ լավ սկսել է հասկանալ, որ բավականին բարդ խնդիրների առաջ է կանգնում այս ընտրություններում իրենց հաղթանակից հետո, որը իրենց պարտադրում է գնալ, ինչպես Պուտինն էր ասում, ցավոտ զիջումների։ Նրանք սա շատ լավ հասկանալով փորձում են հնարավորինս առանց կոնֆլիկտների ապրել՝ ադ թվում նաև փորձելով ինչ-որ կերպ խորհրդարանական ընդդիմության հտ էլ որտեղ հնարավոր է՝ կոնֆլիկտների մեջ չմտնել։ Մարդ-կուսակցությունների հետ հանդիպումները նպատակ ունեն ապագա գործողությունների պատասխանատվությունը կիսվել նրանց հետ, որովհետև գիտի, որ դրանք խնդրահարույց հարցեր են լինելու»,- հավելեց քաղտեխնոլոգը։
Նշենք, որ 8-րդ գումարման ԱԺ-ը այսօր իր առաջին նիստն է գումարել, ԱԺ նախագահ է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը:





























