Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունը հոկտեմբերի 14-ին խորհրդարանում հայտարարել է լրացուցիչ 500 զինվորականի Աֆղանստան ուղարկելու մտադրության մասին,- հաղորդում է Բի-Բի-Սի-ն։

Ըստ բրիտանական վարչապետի, իր երկրի զինվորական համակազմի ավելացումը Աֆղանստանում տեղի կունենա մի շարք պայմանների՝ մասնավորապես «համապատասխան սարքավորումներ ուղարկելու ունակության, համաշխարհային հանրության ճիշտ ռազմավարության, անվտանգության ապահովման պատասխանատվությունն ու գործառույթները աֆղանական բանակին հնարավորինս արագ հանձնելու» պահպանման դեպքում։ Տարածաշրջանում բրիտանական զինվորների ընդհանուր թիվը, ինչպես նշել է Բրաունը, պետք է կազմի 9,5 հազար մարդ։ Ներկայումս Աֆղանստանում է գտնվում բրիտանացի մոտ 9 հազար զինվորական. սա ԱՄՆ-ից հետո երկրորդ ամենախոշոր համակազմն է երկրում։

Այսպիսով, Լոնդոնը որոշել է սատարել միջազգային ուժերի ներկայությունն ավելացնելու Վաշինգտոնի պահանջին։

Մինչդեռ, ինչպես այսօր գրել է The Telegraph թերթը, բրիտանացի վարչապետի հայտարարությանն, ամենայն հավանականությամբ, կհաջորդի ԱՄՆ 45 հազար զինվորականների ուղարկումը։ Պարբերականի տեղեկատվության համաձայն, նախագահ Օբաման խոստացել է բրիտանական կառավարությանը հայտարարել Աֆղանստանում արդեն հաջորդ շաբաթ ամերիկյան զորախմբի զգալի ավելացման մասին։