Օգոստոսի 9-ին, ժամը 02։54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մյասնիկյան պողոտայում՝ «Ջրաշխարհ»-ի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ–ից։

Դեպքի վայր է մեկնել Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes ML» եւ «Nissan Teana» մակնիշների ավտոմեքենաները, այնուհետեւ վարորդներից մեկը վրաերթի է ենթարկվել։   

Փրկարարները վարորդներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին․ տուժածները հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 համալսարանական հվանդանոց, որտեղ վրաերթի ենթարկված վարորդը գիտակցության չգալով՝ մահացել է։

Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes ML» եւ «Nissan Teana» մակնիշների ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները։