Շրի Լանկայի կառավարությունը մերժել է անհապաղ արգելափակման կոչերը՝ Covid-19-ով վարակման եւ մահվան նոր դեպքերի աճը զսպելու համար, ինչը դժվարություններ է ստեղծում հիվանդանոցների եւ դիակիզարանների համար:
Կառավարության պաշտոնական ներկայացուցիչ եւ ԶԼՄ-ների հարցերով նախարար Կեխելիա Ռամբուկվելան հայտարարել է, որ երկիրը ծայրահեղ իրավիճակում չէ, չնայած այն հանգամանքին, որ օրական մահանում է միջինը ավելի քան 100 մարդ:
«Պարետային ժամը կամ մեկուսացումը վերջին միջոցներն են», - լրագրողներին ասել է Ռամբուկվելան: «Մեր նպատակն է մինչեւ սեպտեմբեր պատվաստել 18 տարեկանից բարձր բոլոր քաղաքացիներին, իսկ դրանից հետո ամեն ինչ աստծո ձեռքերում կլինի»:
Շրի Լանկայի բժշկական ասոցիացիան (SLMA) «վերջին նախազգուշացումն» է ուղղել կառավարությանը՝ կոչ անելով անհապաղ սահմանափակել մարդկանց տեղաշարժը: Առողջապահության փոխնախարար Չաննա Ջայասումանան վարակի «դելտա» տարբերակն անվանել է «հզոր ռումբ, որը պայթել է Կոլոմբոյում եւ տարածվում է ամենուր»:
Ավելի վաղ կառավարությունը խստացրել է որոշ սահմանափակումներ՝ մինչեւ սեպտեմբերի 1-ը արգելելով պետական արարողություններն ու հասարակական հավաքները: Սակայն գործունեության մեծ մասը թույլատրված է, խանութները, ռեստորանները եւ գրասենյակները բաց են, հասարակական տրանսպորտը գործում է:





























