Մոտ 96 000 սաղմոն է սատկել արկտիկական Նորվեգիայի ծովախորշ 15 000 լիտր քլորի արտահոսքի պատճառով:
Grieg Seafood ընկերության ներկայացուցիչ Ռոջեր Պեդերսենը, ով զբաղվում է սաղմոնի բուծմամբ, ասել է, որ արտահոսքը տեղի է ունեցել Ալտա քաղաքի ձկան սպանդանոցում, մինչ ձկները գտնվել են մոտակայքում գտնվող վանդակում:
«Մենք դա կապում ենք քլորի արտահոսքի հետ»,- նորվեգական NRK հեռուստաալիքին ասել է Պեդերսենը:
Քլորը օգտագործվում է սպանդից հետո ջուրն ախտահանելու համար: Նորվեգիայի հյուսիսում ոստիկանությունը հայտարարել է, որ «զգալի քանակությամբ սաղմոն է զոհվել», իսկ արտահոսած հեղուկը լցվել է Ատլանտյան օվկիանոս:
Ոստիկանության ներկայացուցիչ Շտեյն Հյուգո Յորգենսենը NRK-ին ասել է, որ ցամաք գազանման թունավոր քլորի թափվելու վտանգ չկա: Ինչ վերաբերում է արտահոսքի պատճառներին, այն դեռ ուսումնասիրվում է:
Ալտան գտնվում է արկտիկական Նորվեգիայի ամենամեծ քաղաք Տրոմսյոյից 175 կմ հյուսիս-արեւելք:
Grieg Seafood-ն իրեն դասում է աշխարհում սաղմոն բուծող առաջատար ընկերություններից մեկի շարքին: Նա ֆերմաներ ունի Նորվեգիայում, Կանադայում եւ բրիտանական Շետլանդյան կղզիներում: Գլխավոր գրասենյակը գտնվում է Բերգենում:





























