Նման հրապարակային ձևակերպումներն ուղղված էին ներքին լսարանին՝ ցույց տալու համար, որ Հայաստանի ղեկավարությունն այնքան ուժ և հնարավորություն ունի, որ կարող է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ կոշտ խոսել: Նման կարծիք NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց քաղաքագետ Բենիամին Պողոսյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ հանդիպման ժամանակ ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարար Արշակ Կարապետյանի արած հայտարարություններին:

«Մենք Ձեր այցին սպասում էինք դեռ մայիս ամսին: Հայաստանի համար այդ պահին բավական լարված ժամանակահատված էր, բայց, ցավոք սրտի, Ձեր այցը տեղի չունեցավ: Այսօր մեր սահմաններին ձևավորվել է կայուն ծանր իրավիճակ: Մայիս ամսին ադրբեջանական զինված ուժերը, երկու ուղղությամբ, ներխուժեցին հայկական տարածք: Դա մեզ անչափ անհանգստացնում է: Մենք խաղաղության կողմնակից ենք: Մենք, որևէ պարագայում, չենք ուզում իրադրության լարում մեր սահմաններին: Միևնույն ժամանակ, մենք պատրաստ չենք համակերպվել գործողությունների հետ, որոնք կարող են հանգեցնել Հայաստանի պետական սահմանի խախտմանը: Մենք վճռականորեն պաշտպանելու ենք մեր տարածքները: Մենք, իհարկե, ձգտում ենք խաղաղ ճանապարհով լուծել այս խնդիրը՝ ի ցույց դնելով մեր խաղաղասիրությունը: Միևնույն ժանանակ, մեր համբերությունը նույնպես անսպառ չէ, և մեր սահմաններին ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման բացակայության պարագայում մենք իրավունք ենք վերապահում խնդիրը լուծել ուժի կիրառմամբ»,- ՀՀ պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ նշել էր Արշակ Կարապետյանը:

Քաղաքագետի խոսքով՝ բոլորն հասկանում են, որ խոսակցության հիմնական մասը փակ ձևաչափում է տեղի ունեցել, և որ նման կոշտ ձևակերպումներ կարելի էր անել նաև փակ դռների ետևում:

Եթե անգամ Արշակ Կարապետյանի կոշտ դիտարկումները ներքին լսարանի համար էին, չի՞ կարող դա բացասական հակազդեցության արժանանալ, օրինակ, ռուսական կողմից: Քաղաքագետի գնահատմամբ՝ քիչ է դրա հավանականությունը:

«Բոլորն էլ հասկանում են՝ ինչ է իրենից ՀԱՊԿ-ը ներկայացնում, ինչ կարող է անել այս իրավիճակում և ինչ չի կարող: ՀԱՊԿ-ը շատ լավ գիտի՝ ինչ է կատարվում այստեղ, գիտի, որ գոյություն ունի եռակողմ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան բանակցային ձևաչափ, որտեղ ինչ-որ քննարկումներ են ընթանում, տեղյակ է ստեղծված իրադրության վերաբերյալ Հայաստանի դիրքորոշման մասին, որովհետև երբ հուլիսի 27-ին դեռ այդ ժամանակ ՊՆ առաջին տեղակալը Մոսկվա գնաց և հանդիպում ունեցավ Սերգեյ Շոյգուի հետ, կարծում եմ՝ այդ տեղեկատվությունը փոխանցվել է ՀԱՊԿ-ին: Այդ իսկ պատճառով չեմ կարծում, թե բասական ազդեցություն կունենա սա Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունների վրա: Հարաբերություններ, մեծ հաշվով, չկան էլ»,- նկատեց քաղաքագետը:

Պողոսյանը հիշեցնում է՝ Հայաստանը շուտով ստանձնելու է ՀԱՊԿ-ում հաջորդ տարվա նախագահությունը, բայց, կարծում է, դա էլ է ստանդարտ գործընթաց, Զասի այցն էլ այդ պատճառով սովորական բնույթ ունի:

Քաղաքագետը համար նաև անհասկանալի է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին այդ ամենն ասելը:

«Ի՞նչ է ակնկալում պաշտպանության նախարարը, որ Զասը կապվի Ալիևի հետ, ասի՝ գիտեք ինչ, Հայաստանը բարկանում է արդեն, համբերությունը կարող է սպառվել, ե՞տ քաշեք զորքերը: Եթե Հայաստանը գտնում է, որ ի վիճակի է կամ ցանկանում է զենքի ուժով լուծել խնդիրը կամ առնվազն սպառնալ Ադրբեջանին, ապա շատ այլ խողովակներ էլ կան դրա համար, եթե անգամ չկան, ապա կարելի է նման կապուղի ստեղծել Ադրբեջանի պաշտպանության նախարարի կամ նախագահի հետ ու այդ ուղերձը հստակ հղել: Դրա համար ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարին սա ասելն անհասկանալի է. եթե շանտաժ է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը վախենա, ասի՝ Հայաստանը ռազմական գործողություններ կսկսի, ապա կասեն՝ սկսում եք՝ սկսեք, ձեր տարածքն է, սկզբում թույլ չտայիք, որ ներխուժեին»,- նկատեց Պողոսյանը:

Քաղաքագետը նաև հիշեցնում է՝ Հայաստանը որևէ կերպ չի կանխել ադրբեջանական զորքերի ներխուժումը, և հիմա էլ եռակողմ բանակցությունների մասնակցում:

«Բնականաբար, ՀԱՊԿ-ը տեղյակ է եռակողմ բանակցություններից, իսկ այդ կառույցի ամենաուժեղ պետությունն էլ հենց Ռուսաստանն է: ՀԱՊԿ-ը ի՞նչ աներ, ասեր՝ դուք քաղաքական ճանապարհով մի լուծեք խնդիրը, սխալ ճանապարհո՞վ եք գնում, թե՞ ՀԱՊԿ-ը գար, ասեր՝ թեև եռակողմ բանակցություններ եք վարում, բայց ռազմական գործողություններ եմ սկսում, այն էլ, երբ առաջատար պետությունը Ռուսաստանն է: ՀԱՊԿ-ին ուղղված քննադատությունը տրամաբանական չէ: Դա գուցե տեղավորվում է հակառուսական էմոցիաներ արթնացնելու տրամաբանության մեջ, և, իհարկե, կարելի է քննարկել Ռուսաստանի վարքագիծն ու մի շարք փաստարկներ բերել, թե ինչու դժգոհ լինել Ռուսաստանից, բայց հասկանալի չէ՝ ինչ ենք ուզում ՀԱՊԿ-ից»,- եզրափակեց քաղաքագետը: