Դուբայի պետական օդանավակայանի օպերատորը կանխատեսում է, որ եկող տարի Դուբայի միջազգային օդանավակայանով կտեղափոխվի 56 մլն ուղեւոր, ինչը կրկնակի գերազանցում է այս տարվա թիրախային ցուցանիշը, չնայած դեռեւս ցածր է համավարակից առաջ եղած մակարդակից։
Օդանավակայանում վերջին շաբաթներին նկատվել է ուղեւորահոսքի աճ ամառային զբոսաշրջային սեզոնի սկզբից եւ ուղեւորությունների սահմանափակումների մեղմումից հետո։
«Դա լավատեսական կանխատեսման առիթ է տալիս, եւ մենք սպասում ենք մոտ 56 մլն-ի եկող տարի»,- Reuters-ին ասել է Դուբայի օդանավակայանների գլխավոր տնօրեն Փոլ Գրիֆիթսը։
Անցած տարի օդանավակայանն սպասարկել է 25,9 մլն ուղեւորի 2019թ. 86,4 մլն-ի դիմաց։
Օպերատորը տեղեկացրել է, որ այս տարվա առաջին կիսամյակում Դուբայի միջազգային օդանավակայանում սպասարկվել է 10,6 մլն ուղեւոր, ինչը 40 տոկոսով քիչ է, քան անցած տարվա նույն ժամանակամիջոցում։
Գրիֆիթսն ասել է, որ ուղեւորահոսքը վերջին շաբաթներին «անհամեմատ ավելի դրական էր», եւ հիմա սպասվում է, որ տարեվերջին օդանավակայանը կմոտենա 28 մլն ուղեւոր թիրախային ցուցանիշին։
Դուբայի միջազգային օդանավակայանը ամենածանրաբեռնված եւ հանգուցային օդանավակայաններից է աշխարհում Պարսից ծոցի երկրների Emirates պետական ուղեւորափոխադրողների համար։ Նրա գործողությունները կախված են միջազգային չվերթերից, այն ներքին շուկա չունի, որը կարող էր մեղմել միջազգային սահմանների փակումը կամ սահմանափակումները, որոնք մտցվել են կորոնավիրուսի տարածումը կանգնեցնելու համար։




























