«Ինչպե՞ս ենք առանց սրա ապրել մինչեւ այժմ»։ Այս հարցը տալիս են շատ շնատերեր, որոնք ներբեռնել են «Gabby» հավելվածը։ Հայ մասնագետների մշակած հավելվածը հեշտացնում է շնատերերի կյանքը միանգամից մի քանի ուղղություններով. այն օգնում է գտնել շան համար հարմար զուգընկեր կամ խաղերի համար ընկերներ, հետեւել կենդանու առողջական վիճակին, պատվաստումներին եւ մի շարք այլ հնարավություններ է առաջարկում։

Հավելվածի հեղինակը՝ Վաչե Սահակյանը, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ շների ծանոթության համար հավելված ստեղծելու գաղափարը ծագել է մոտ մեկ տարի առաջ. երկար ժամանակ նա չէր կարողանում գտնել իր շան համար ընկեր, որի հետ շունը կարողանար խաղալ։

«Ես բիգլ ունեի՝ շատ ակտիվ որսորդական շուն, որը օրական 5-6 ժամ վազելու եւ խաղալու կարիք ուներ։ Այդքան ազատ ժամանակ ես չունեի, որպեսզի ժամերով զբոսնեի ու խաղայի նրա հետ, ուստի սկսեցի փնտրել մեկին, ով նման շուն կունենար, որպեսզի մեր կենդանիները կարողանային վազել ու խաղալ միասին եւ ծախսեին կուտակված էներգիան։ Այդ խաղերը շատ օգտակար են թե՛ շների առողջության, թե՛ հոգեվիճակի համար։ Երբ շները խաղում են, նրանք նաեւ դաստիարակում են միմյանց, եւ նրանց մոտ ավելի քիչ են արտահայտվում ագրեսիան ու բնավորության բացասական գծերը», - ասաց Վաչե Սահակյանը։

Երկար ժամանակ Վաչեին չէր հաջողվում իր բիգլի համար ակտիվ ընկեր գտնել։ Այս խնդրի ֆոնին էլ նա մտահղացավ ստեղծել հավելված, որտեղ մարդիկ կկարողանան ընկերներ կամ զուգընկերներ գտնել իրենց շների համար։

«Gabby»-ն ինչ-որ բանով հիշեցնում է մարդկանց ծանոթությունների համար հայտնի հավելվածները. այնտեղ ճիշտ նույն կերպ կարելի է նայել շների պրոֆիլները (որտեղ կարող են պատկերված լինել միայն շները), «հավանել» դրանք «սվայփի» օգնությամբ։ Հետաքրքրությունների համընկնելու դեպքում շնատերերը կարող են զրույց սկսել, պայմանավորվել հանդիպման մասին, որպեսզի իրենց կենդանիները կարողանան միասին խաղալ։ Տերերն էլ կարող են այդ ընթացքում շփվել. հաստատ հաղոդակցվելու թեմաների պակաս չեն ունենա։

Հավելվածում կա նաեւ շան առողջության մոնիթորինգի համակարգ. տեղեկություն է ներբեռնվում կենդանու բնավորության եւ խառնվածքի, նրա քաշի մասին (հավելվածը հաշվարկում է, թե արդյոք նորմալ է նրա քաշը, քանի կալորիա պետք է ուտի, որքան էներգիա պետք է ծախսի օրվա ընթացքում), ինչպես նաեւ ստացած պատվաստումների մասին։ Վերջինը հատկապես կարեւոր է. հավելվածը կկարողանա տիրոջը հիշեցնել, որ եկել է վերապատվաստման ժամանակը։ Բացի այդ, մյուս շների տերերը կկարողանան տեսնել, որ իրենց հետաքրքրած շունը ժամանակին պատվաստվել է, ուրեմն՝ իրենց սիրելի շների համար վտանգավոր չի լինի խաղալ նրա հետ։

Արդեն մեկ ամիս է, ինչ հավելվածը հասանելի է Android եւ iOS համակարգերով աշխատող սմարթֆոնների օգտատերերին։ Գրանցված օգտատերերի թիվն արդեն հասնում է ավելի քան 500-ի, ընդ որում՝ նրանց մեջ կան նաեւ մարդիկ այլ երկրներից։ Մշակողների խոսքով, առայժմ հավելվածը թեստավորվում է հայկական շուկայում, իսկ ապագայում նախատեսվում է դուրս գալ նաեւ ռուսական, ամերիկյան եւ այլ շուկաներ, չէ՞ որ այնտեղ եւս շուն ունեցողները բախվում են այն նույն խնդիրներին, ինչ եւ այստեղ։

Հավելվածի մասին առաջին կարծիքները դրական են. մարդիկ շատ գոհ են, խոստովանում են, որ արդեն չեն պատկերացնում, թե ինչպես են ապրել առանց հավելվածի, խնդրում են ավելի շատ հնարավորություններ ավելացնել։

Իհարկե, օգտատերերի թվի ավելացմանը զուգընթաց կաճի նաեւ ցանկացած շան համար պոտենցիալ ընկերների ու զուգընկերների թիվը, կլինեն ավելի շատ հնարավորություններ՝ գտնելու նման չափերի, ակտիվության նույն մակարդակի շների։

«Gabby»-ի վրա աշխատում են երեք ընկերներ՝ Վաչե Սահակյանը եւ Արամ ու Նարեկ Մանուկյանները. նրանք զրոյից են ստեղծել հավելվածը, դրա դիզայնը եւ բոլոր հնարավորությունները։ Սակայն հավելվածի հետագա զարգացման եւ տարածման համար պահանջվում են ներդրումներ, եւ ներկայում բանակցություններ են վարվում պոտենցիալ ներդրողների հետ, ինչը նոր հնարավորություններ ավելացնելու, հավելվածի ֆունկցիոնալը բարելավելու, այլ լեզուներ մտցնելու եւ, իհարկե, հավելվածն ամբողջ աշխարհում տարածելու շանս կտա։