Բավական սպասելի սցենար էր, անգամ ավելի շուտ էի սպասում նման բախման, որովհետև խորհրդարանում հայտնված քաղաքական ուժերի միջև նախորդ ամիսների քաղաքական պայքարի կոշտությունը հաշվի առնելով՝ բնական է, որ ինչ-որ մի պահի հռետորական մարտերը պետք է ուղիղ ընդհարման հանգեցնեին: Նման կարծիք NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ անդրադառնալով Աժ այսօրվա նիստի ժամանակ ընդդիմադիր և իշխանական պատգամավորների միջև տեղի ունեցած վիճաբանությանն ու քաշքշուկին, որին ԱԺ նիստը նախագահող Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ անվտանգության աշխատակիցները միջամտեցին:
«Սա առաջին, բայց ամենևին վերջին ընդհարումը չէ այս խորհրդարանում: Հակասություններն այնքան սուր ու խորքային են, որ նման դեպքերն անխուսափելի են լինելու: Չեմ բացառում, որ սա նաև որպես տեխնոլոգիա կարող է կիրառվել: Խորհրդարանը՝ որպես առաջնային մանդատ ունեցող միակ ինստիտուտ, ձևավորման փուլում է այժմ, երբ կարևոր է Աժ-ում քաղաքական ուժերի դիրքավորումը թե՛ քաղաքական, թե ինտելեկտուալ առումով՝ յուրաքանչյուրը փորձելու է այդ իմաստով իր առավելությունները ի ցույց դնել, հատկապես՝ ընդդիմությունն իշխանության նկատմամբ ունեցած առավելությունները: Քաղաքականության մեջ պետք է կարողանալ նաև, այսպես ասած, տղայական հարաբերություններում դիմանալ և դիրքերը պահպանել»,- ասում է Հակոբյանը:
Քաղտեխնոլոգի գնահատմամբ՝ եթե ոմանք սպասում էին, որ արմատական ընդդիմությունը փողոցում իշխանության հասցեին բավական կոշտ ձևակերպումներ հնչեցնելուց և վերջինի հեռացումը պահանջելուց հետո գնալու է խորհրդարան և մեծամասնության հետ այս կամ այն հարցը քննարկի կառուցողական մթնոլորտում, ապա դա միամտության դաշտից է:
«Իշխանությունը ձգտում է փողոցի արմատական պայքարից հետո խորհրդարան եկած ընդդիմությանը համակարգային ընդդիմության տիրույթ տեղափոխել և դասական ընդդիմադիր կեցվածքով ընդդիմություն ունենալ: Իսկ այս ընդդիմությունն իր արմատական ընտրազանգվածից օրենսդիր մարմնում պայքարը շարունակելու, իշխանությանը հեռացնելու մանդատ է ստացել: Այսինքն, իշխանության և ընդդիմության նպատակներն արմատապես տարբեր են»,- նկատում է քաղտեխնոլոգը:
Հակոբյանի դիտարկմամբ՝ խորհրդարան եկած նոր ընդդիմությունը փողոցային պայքարից հետո փորձում է հնարավորին չափ օգտագործել խորհրդարանի ընձեռած հնարավորությունները. Եթե նախքան ընտրությունները նրանց խոսքը լիարժեք լսելի և հասանելի չէր մարզերի, հատկապես՝ գյուղերի ազգաբնակչության համար, ապա այժմ ԱԺ ամբիոնից փորձում են առավելագույն չափով բարձրաձայնել որոշակի խնդիրների մասին:





























