Կյանքից հեռացել է ԱրՊՀ դասախոս Իգոր Գրիգորիի Մարտիրոսյանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի պետական համալսարանի տարածած հայտարարությունից:
«Կյանքի 68-րդ տարում իր մահկանացուն է կնքել ռուսաց լեզվի և գրականության մասնագետ, ԱրՊՀ երկարամյա վաստակ ունեցող դասախոս Իգոր Մարտիրոսյանը։
Նա կանգնած է եղել ԱրՊՀ ռուսաց լեզվի ամբիոնի հիմնադրման ու զարգացման ակունքներում և, դասախոսելուն զուգահեռ, համալսարանում տարբեր ժամանակաշրջաններում զբաղեցրել է ռուսաց լեզվի և գրականության ամբիոնի վարիչի, դեկանի պաշտոններ՝ նպաստելով ռուսաց լեզվի ամբիոնի զարգացմանն ու մասնագիտության կայացմանը ԱրՊՀ-ում։
Նա իր մարդկային ու մասնագիտական որակների շնորհիվ վայելում էր գործընկերների և ուսանողների սերն ու հարգանքը։
ԱրՊՀ ռեկտորը, պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողությունը ցավակցում են Իգոր Մարտիրոսյանի հարազատներին։ Իգոր Մարտիրոսյանի հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների սրտերում»,- ասված է հայտարարությունում։





























