Հյուսիսային Կորեան մտադիր է ամրապնդել համագործակցությունը Ռուսաստանի հետ Միացյալ Նահանգներին դիմակայելու համար, եւ խաղաղությունը Կորեական թերակղզում անհնար կլինի այնքան ժամանակ, քանի դեռ ամերիկյան զորքերը դուրս չեն բերվի, ասել է Ռուսաստանում Փհենյանի դեսպանը։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Նրա կարծիքով՝ Հյուսիսային Կորեան պետք է ամրապնդի պետական պաշտպանունակությունը եւ «հզոր կանխիչ հարված» հասցնելու պոտենցիալ կարողությունը։

«Զորավարժությունները «պատերազմի պատրաստություն» են եւ ապացուցում են, որ Միացյալ Նահանգները պատասխանատվություն են կրում իրավիճակի ապակայունացման համար։ Մենք կուժեղացնենք փոխգործակցությունը Հյուսիսային Կորեայի եւ Ռուսաստանի միջեւ՝ ԱՄՆ-ին դիմակայելու նպատակով, որն ընդհանուր սպառնալիք է»,- ասել է դեսպանը։

Դեսպան Սին Հոն Չհոլի մեկնաբանությունները հնչել են այն բանից հետո, երբ Հյուսիսային Կորեան այս շաբաթ նախազգուշացրել էր, որ Հարավային Կորեան եւ Միացյալ Նահանգները կբախվեն ամենամյա համատեղ զորավարժությունները շարունակելու իրենց որոշման հետեւանքներին։