ՄԱԿ-ի մարդու իրավունքների փորձագետները երկրներին կոչ են արել դադարեցնել լրտեսող ծրագրերի եւ տեխնոլոգիաների վաճառքն ու փոխանցումը, քանի դեռ չեն հաստատել դրանց կիրառման կանոնները` երաշխավորելու համար, որ դա չի խախտի մարդու իրավունքները, հաղորդել է AP-ն:

Փորձագետները, որոնք հանդես են գալիս Pegasus լրտեսող ծրագրի մասին նոր բացահայտումների հետ կապված, մտահոգված են, որ որոշ վայրերում «իրավապաշտպաններին, լրագրողներին եւ քաղաքական հակառակորդներին հետեւելու, ահաբեկելու համար օգտագործվում են միջամտության բավականին հնարամիտ միջոցներ», - ասվում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակի հայտարարության մեջ:

«Այսօր ՄԱԿ-ի մարդու իրավունքների փորձագետները բոլոր պետություններին կոչ են արել գլոբալ մորատորիում սահմանել վերահսկման տեխնոլոգիաների վաճառքի եւ փոխանցման վրա, մինչեւ չսահմանվեն մարդու իրավունքների՝ միջազգային չափանիշներին համապատասխան կիրառումը երաշխավորող խիստ կանոններ», - ասվում է հայտարարության մեջ:  

Անցյալ ամիս գլոբալ մեդիա-կոնսորցիումի անցկացրած հետաքննության շնորհիվ լրացուցիչ ապացույցներ են բացահայտվել այն մասին, որ իսրայելական NSO Group ընկերությունը ռազմական դասի Pegasus ծրագիր է օգտագործում լրագրողներին, իրավապաշտպաններին եւ քաղաքական այլախոհներին լրտեսելու համար:

Ութ փորձագետներ խոսել են «ծայրահեղ հանդգնություն եւ մարդու իրավունքների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի» մասին, որը դրսեւորվում է նման վերահսկողության միջոցով:

Փորձագետները նշել են, որ մարդու իրավունքների միջազգային օրենքը երկրներից պահանջում է պաշտպանել անօրինական վերահսկողությունից, գաղտնիության նկատմամբ ոտնձգությունից եւ հիմնական ազատություններիի նկատմամբ սպառնալիքներից, ինչպիսիք են խոսքի եւ հավաքների ազատությունը:

Pegasus-ը ներխուժում է հեռախոսներ՝ հավաքելու անձնական, ինչպես նաեւ գտնվելու վայրի մասին տվյալներ եւ աննկատ վերահսկելու սմարթֆոնների խոսափողներն ու տեսախցիկները: Լրագրողների դեպքում այն թույլ է տալիս հաքերներին լրտեսել աղբյուրների հետ լրագրողների կապերը: