ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Ջո Բայդենին Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման դիմաց պայմաններ առաջ չքաշելու համար՝ նշելով, որ պատերազմից տուժած երկրում թալիբների գտնվելն «անընդունելի է»:
Թրամփը հայտարարել է, որ Աֆղանստանից ԱՄՆ-ի դուրս գալը «շատ ավելի հաջող եւ այլ կլիներ», եթե ինքը դեռ նախագահի պաշտոնը զբաղեցներ:
Թրամփի օրոք՝ 2020 թվականին, Միացյալ Նահանգները թալիբների հետ Դոհայում համաձայնություն է ձեռք բերել, որի համաձայն՝ ԱՄՆ-ը պետք է դուրս բերեր իր զորքերը մինչեւ 2021 թվականի մայիսը՝ զինյալների կողմից անվտանգության տարբեր երաշխիքների դիմաց: Երբ տարվա սկզբին Բայդենը եկավ իշխանության, նա հետաձգեց զորքերի դուրսբերման վերջնաժամկետը եւ ոչ մի պայման առաջ չքաշեց դրա համար:
«Եթե ես այժմ նախագահ լինեի, աշխարհը կտեսներ, որ Աֆղանստանից մեր դուրս գալը տեղի կունենար որոշակի պայմանների հիման վրա», - հայտարարել է Թրամփը:
«Ես անձամբ բանակցություններ եմ վարել թալիբների բարձրաստիճան ղեկավարների հետ, որոնց ընթացքում նրանք հասկացել են, որ այն, ինչ անում են այժմ, անընդունելի է: Սա կլիներ բոլորովին այլ եւ շատ ավելի հաջող դուրսբերում, եւ թալիբները դա շատ լավ էին հասկանում», - ասել է նա:
Քաբուլի իշխանությունները փաստացի կորցրել են հյուսիսային եւ արեւմտյան Աֆղանստանի մեծ մասը: ԱՄՆ որոշ պաշտոնյաներ մտավախություն ունեն, որ օգոստոսի 31-ից հետո երեք ամսվա ընթացքում «Թալիբանը» կարող է գրավել Քաբուլը:





























