Հիմնադրամի շահառուների թիվը փոփոխվել է. սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած եւս 61 հերոս զինծառայողներ կամ նրանց ընտանիքները հատուցում են ստացել։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են հիմնադրամից։

Այսպիսով Հիմնադրամի հիմնական շահառուների քանակը 4316 -ն է։ Տվյալ թվից 416-ը Հիմնադրամի շահառու էին դարձել նախքան 2020 թվականի պատերազմը: Անվանացանկին կարող եք ծանոթանալ հետեւյալ հղումով։ 

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ստեղծվել է հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհետ կորած, զինհաշմանդամության 1-ին եւ 2-րդ կարգ ձեռք բերած մարտիկների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության, կայուն եւ հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով:

Հիմնադրամի միջոցները գոյանում են Հայաստանում ու Արցախում եկամուտ ստացող անձանց ամսական պարտադիր վճարներից, ինչպես նաեւ կամավոր նվիրատվություններից, որոնք ստացվում են նաեւ Սփյուռքից։