ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում կատարված մեծածավալ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 39-ամյա տղամարդու կողմից կատարված հափշտակության, շորթման, ապօրինի կերպով զենք պահելու, խուլիգանության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի հանգամանքները: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության  հետ կապերի բաժնից։

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Կոտայքի մարզի 39-ամյա բնակիչը մտերմանալով նույն մարզի բնակչուհու հետ եւ շփման ընթացքում տեղեկանալով սեփականության իրավունքով վերջինիս պատկանող 0.009 հա մակերեսով հողամասի մասին, առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, հիշյալ հողամասի նկատմամբ սեփականության իրավունքն իր կողմից նշված ծանոթին հանձնելու անօրինական պահանջ է ներկայացրել կնոջը՝ սպառնալով նրա ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն գործադրել: Վերջինս էլ տեղյակ լինելով, տղամարդու կողմից նախկինում կատարված մի շարք հանցագործությունների մասին, իրեն հանգիստ թողնելու համար համաձայնել է նրա պահանջներին եւ 2019թ. հուլիսի 19-ին տղամարդու կողմից նշված ծանոթի հետ գնացել է  նոտարական գրասենյակ, որտեղ ձեւակերպել է հողամասի առուվաճառքի պայմանագիրը եւ 15.000.000 ՀՀ դրամի դիմաց վաճառել է այն, սակայն որեւէ գումար դրա դիմաց չի ստացել, ինչի արդյունքում 39-ամյա տղամարդը շորթմամբ հաշփտակել է առանձնապես խոշոր չափերի վերոհիշյալ հողամասը:

Բացի այդ, 39-ամյա տղամարդը չպարզված անձից ապօրինի ձեռք է բերել զգալի չափերի՝ ընդհանուր 7,66 գրամ հաստատուն չոր քաշով «Տետրահիդրոկաննաբինոլներ պարունակող բուսական խառնուրդ» տեսակի թմրամիջոց, ինչը հայտնաբերվել է վերջինիս տանը կատարված խուզարկությամբ:

Քննությամբ պարզվել է, նաեւ որ տղամարդը 2019թ. հոկտեմբերի 4-ին համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ Հայաստանյան բանկերից մեկից հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 8.094.875 ՀՀ դրամ գումար: 

Այնուհետրեւ, 2019թ. դեկտեմբերի 21-ին ներկա գտնվելով ծանոթներից մեկի ծննդյան տարեդարձին, խնջույքի մասնակիցների նկատմամբ իր անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով, իր մոտ ապօրինի պահվող ինքնաշեն եղանակով պատրաստված եւ հրազեն հանդիսացող ատրճանակից, ներկա գտնվող անձանց կյանքի եւ առողջության համար իրական վտանգ ստեղծելով, մի քանի անգամ կրակ է արձակել՝ խաթարելով ռեստորանային համալիրի բնականոն գործունեությունը, որից հետո հաջորդ օրը՝ ժամը 05:00-ի սահմաններում,  նույն հրազենից անզգուշությամբ կրակ է արձակել իր ձախ ոտքին եւ տեղափոխվել բժշկական կենտրոն: Նշված հրազենը խուզարկությամբ հայտնաբերվել է եւ առգրավվել: 

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 39-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով եւ 268-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան։