Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների բարելավումը սկսվել է ֆուտբոլային խաղից դեռ շատ առաջ: Այս մասին, ըստ CNN-Turk-ի, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` Իրաք այցելությունից առաջ: «Ես կարծում եմ, որ խաղն անցավ խաղաղ մթնոլորտում եւ Հայաստանը տեսավ թուրք ժողովրդի հյուրընկալությունը»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ նախօրեին երեկոյան թուրքական Բուրսա քաղաքում տեղի է ունեցել Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային խաղը, որին հետեւել են երկու երկրների նախագահներ Սերժ Սարգսյանն ու Աբդուլա Գյուլը: Անմիջապես հանդիպումից առաջ «Ալմիրա» հյուրանոցում երկու երկրների նախագահները բանակցություններ են վարել, բարձրաստիճան հյուրի պատվին տրվել է պաշտոնական ընթրիք:
Չնայած նրան, որ Հայաստանի հավաքականը պարտություն է կրել 0:2 հաշվով, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ասել է. «Դա ավելին էր, քան ուղղակի սպորտային մրցությունը»: Ֆուտբոլային խաղն ըստ նրա, սկիզբ դրեց հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը:




























