Ամերիկան ​​չի պատրաստվում շարունակել ակտիվ մասնակցությունը քաղաքացիական հակամարտությանն  Աֆղանստանում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:

Իր ազգային անվտանգության թիմի հետ հանդիպումներից հետո Բայդենն ասել է, որ մի քանի առանցքային որոշում է կայացրել Աֆղանստանում ամերիկյան ռազմական առաքելության ավարտի վերաբերյալ:

Բայդենը թույլատրել է մոտ 5000 զինծառայողի ժամանակավոր տեղակայումը՝ ԱՄՆ-ի եւ դաշնակիցների, ինչպես նաեւ աֆղանստանցիների անվտանգ տարհանումն ապահովելու համար, ովքեր օգնել են ամերիկյան բանակին պատերազմի ընթացքում: Նախագահը նաեւ զինված ուժերին եւ հետախուզական համայնքին կարգադրել է ուշադիր հետեւել իրավիճակին` Աֆղանստանում ահաբեկչության աճը կանխելու համար:

Բայդենը պետքարտուղար Էնթոնի Բլինքենին հանձնարարել է աջակցել նախագահ Աշրաֆ Գանիին եւ Աֆղանստանի այլ առաջնորդների՝ հետագա արյունահեղությունը կանխելու եւ քաղաքական կարգավորման հասնելու ջանքերում: Միացյալ Նահանգները Դոհայի «Թալիբան»-ի պաշտոնյաներին հայտնել են նաեւ, որ Աֆղանստանում իրենց կողմից ցանկացած գործողություն, որը վտանգում է ամերիկյան առաքելությունը, կհանգեցնի ամերիկյան բանակի պատասխան գործողությանը: