Թուրք ազգայնականների առաջնորդ Դեւլեթ Բախչելին հայտարարել է «կեղծ նորությունների եւ կեղծ քաղաքականության դեմ պայքարի խորհրդի» ստեղծման մասին, հայտնում է Ahval-ը:

Բախչելին ասել է, որ վերջին տարերային աղետները, ներառյալ հյուսիսում անսպասելի ջրհեղեղները եւ հարավում անտառային հրդեհները, խորը վերքեր են պատճառել ազգին՝ հավելելով, որ «խուճապ եւ անհանգստություն չպետք է լինի»:

Բախչելին նշել է, որ Քոնիայում քուրդ ընտանիքին սպանողները եւ Անկարայի սիրիական խանութների ու տների վրա հարձակվողները «մութ խմբեր են, որոնք սկսել են պառակտման կրակ բորբոքել» թուրքերի եւ քրդերի, ինչպես նաեւ տեղի բնակիչների եւ փախստականների միջեւ»:

Ծայրահեղ աջ առաջնորդը կոչ է արել հետաքննել «տարբեր լրատվամիջոցներում սադրանքների եւ քարոզչության մասնակիցների» գործողությունները եւ հիմնական ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության եւ աջ կենտրոնամետ ընդդիմադիր «Լավ կուսակցության» առաջնորդներին մեղադրել է «համակարգված կերպով շոու սարքելու մեջ»։ Նրա խոսքով՝ «ստախոսների երգչախումբը սպառնալիք է դարձել ազգային անվտանգության ու խաղաղության համար»: «Խորհուրդը կբացահայտի կեղծիքը քաղաքականության, քաղաքացիական հասարակության եւ ԶԼՄ-ների մեջ՝ միաժամանակ պաշտպանելով դրանց դեմ պայքարի հնարավոր օրինագիծը: Սա խաբեբաների ճանապարհի վերջն է: Այսուհետ նրանք կփախչեն, իսկ մենք նրանց կբռնենք»: