Քաբուլը գրոհի չի ենթարկվի: Այս մասին հայտարարել է Աֆղանստանի ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Աբդուլ Սաթար Միրզաքվալը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Քաբուլը գրոհի չի ենթարկվի, իշխանության փոխանցումը կլինի խաղաղ»,- ասել է նա TOLO News հեռուստաալիքի եթերում: Միրզաքվալը մայրաքաղաքի բնակիչներին վստահեցրել է, որ իրավապահ մարմինները կապահովեն Քաբուլի անվտանգությունը:
Al Arabiya հեռուստաալիքը հայտնել է, որ արմատական «Թալիբան» շարժման պատվիրակությունը ներկայումս բանակցություններ է վարում Քաբուլի նախագահական պալատում: Ըստ ստացվող տեղեկատվության՝ իշխանության փոխանցումը կարող է տեղի ունենալ արդեն օգոստոսի 15-ին:
Al Arabiya-ի փոխանցմամբ՝ Աֆղանստանի նախագահն առաջիկա մի քանի ժամվա ընթացքում վայր կդնի իր լիազորությունները:





























