2020 թվականի սկզբից «Թալիբան» շարժման զինյալները գաղտնի պայմանավորվել են աֆղան զինվորականների հետ, որպեսզի վերջիններս իրենց տան ունեցած զենքը, հանձնվեն կամ դասալքեն վճարի դիմաց, հայտնում է The Washington Post-ը:
Ըստ աղբյուրների` պարզվել է, որ աֆղան պաշտոնյաների հայտարարած հրադադարի պայմանավորվածությունները գործարքներ են: Իրականում թալիբների առաջնորդները «գումար են առաջարկել, որպեսզի կառավարական ուժերն ունեցած զենքը փոխանցեն իրենց»:
2020 թվականի սկզբից թալիբները տարբեր տեսակի համաձայնագրեր են կնքել Աֆղանստանի նահանգային առաջնորդների եւ այլ պաշտոնյաների հետ: Այդ գործարքները թալիբներին օգնեցին վերահսկողության տակ վերցնել երկրի մի շարք նահանգներ:
Ոմանք պարզապես ցանկանում էին գումար ստանալ, իսկ ոմանք, վստահ լինելով, որ Աֆղանստանը կընկնի թալիբների ձեռքը, չցանկացան անցնել շարժման հակառակորդների կողմը: Շատ ոստիկաններ բողոքում էին, որ ամիսներ շարունակ աշխատավարձ չեն ստացել:
Երբ 2020 թվականի փետրվարին Միացյալ Նահանգները թալիբների հետ խաղաղության համաձայնագիր ստորագրեցին, աֆղանական զինված ուժերը զգացին, որ այլեւս չեն կարող զինյալների դեմ պայքարում հույսը դնել ամերիկյան կողմի ակտիվ աջակցության վրա, եւ սկսեցին կապիտուլյացիան:





























