Ազգային ժողովի խորհրդի արտահերթ նիստ է տեղի ունեցել։ Ինչպես NEWS.am-ը տեղեկացավ ԱԺ կայքից, այսօր՝ օգոստոսի 16-ին, խորհրդարանի ղեկավար Ալեն Սիմոնյանի նախագահությամբ տեղի ունեցած խորհրդի արտահերթ նիստի օրակարգում ԱԺ ութերրորդ գումարման մշտական հանձնաժողովների նախագահների տեղակալների առաջադրման հարցն էր։
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 138-րդ հոդվածով սահմանված բանաձեւի համաձայն՝ Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարները ներկայացրել են ութերրորդ գումարման մշտական հանձնաժողովների նախագահների տեղակալներ առաջադրելու մասին իրենց որոշումները:
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կառաջադրի Տնտեսական, տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման, մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության, գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի, եվրոպական ինտեգրման, առողջապահության, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովների նախագահների տեղակալներին։
Պաշտպանության եւ անվտանգության, ֆինանսավարկային եւ բյուջետային, աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովներինը՝ «Հայաստան» խմբակցությունը, իսկ «Պատիվ ունեմ» խմբակցությունը՝ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովինը։





























