Երեւանի Բուենոս Այրեսի զբոսայգու տարածքում (Հալաբյան եւ Մարգարյան փողոցների հատված) այսօր` օգոստոսի 16–ին, տեղի է ունեցել Հնդկաստանի քաղաքական եւ հոգեւոր առաջնորդ, խաղաղության առաջամարտիկ Մահաթմա Գանդիի արձանի բացման հանդիսավոր արարողությունը:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունից, միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Հնդկաստանի մշակութային համագործակցության խորհրդի նախագահ, Հնդկաստանի խորհրդարանի Վերին պալատի անդամ Վիհայ Սահասրաբուդհեն եւ Հայաստանում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալը:
«Հայ-հնդկական պատմական առնչությունները խորը արմատներ ունեն: Շատ վաղ ժամանակներից հայերը Հնդկաստանում լայն գործունեություն են ծավալել գրահրատարակչության, տնտեսության, առեւտրի ոլորտներում: Եվ այս միջոցառումը այդ հարաբերությունների կայունության եւ առաջընթացի վկայությունն է: Մահաթմա Գանդիի արձանի տեղադրումը Երեւանում ընդունեք որպես հայ ժողովրդի հարգանքի տուրք հնդիկ ժողովրդի պատմության հանդեպ»,- մեծանուն գործչի արձանի բացման կապակցությամբ գործընկերներին շնորհավորել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:
Հնդկաստանի մշակութային համագործակցության խորհրդի նախագահ, Հնդկաստանի խորհրդարանի Վերին պալատի անդամ Վիհայ Սահասրաբուդհեն շնորհակալություն է հայտնել հնդիկ առաջնորդի արձանը Երեւանում տեղադրելու որոշման համար: «Այս արձանի տեղադրմամբ հայերը եւ Հնդկաստանի Հայաստան եկած հնդիկները մշտապես կհիշեն Մահաթմա Գանդիի սկզբունքներն ու գաղափարախոսությունը: Սա կլինի շարժիչ ուժ, որ մենք ավելի լավ աշխարհ ստեղծենք»,- ասել է Վիհայ Սահասրաբուդհեն: Անդրադառնալով Գանդիի գործունեությանը՝ նա նշել է, որ Մահաթմա Գանդին Հնդկաստանի` Մեծ Բրիտանիայից անկախանալու շարժման ղեկավարներից եւ գաղափարախոսներից էր: Գանդին որպես պայքարի միջոց ընտրել էր խաղաղ ապստամբությունը, պայքարը` առանց չարության, կրակոցների, որտեղ մարդկանց միակ զենքն իրենց կյանքն է: Երբ նրա համառ ջանքերի շնորհիվ 1947 թվականին Հնդկաստանը խաղաղ ճանապարհով անկախացավ Մեծ Բրիտանիայից, աշխարհը համոզվեց Գանդիի գաղափարախոսության արդյունավետության մեջ: Մահաթմա Գանդիի ծննդյան օրը` հոկտեմբերի 2-ը, Հնդկաստանում նշվում է իբրեւ ազգային տոն, իսկ ամբողջ աշխարհում՝ որպես «Ոչ բռնության» օր:
Դեսպան Կիշան Դան Դեվալը նույնպես շնորհակալություն է հայտնել Երեւանում Գանդիի արձանի բացման կապակցությամբ՝ այն համարելով հայ-հնդկական երկարամյա հարաբերությունների ամրապնդման եւ շարունակականության փաստարկ:





























