«Ֆուտբոլում հնարավոր է ամեն ինչ նորից սկսել, քաղաքականությունում՝ ոչ»,- հոկտեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգության» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը՝ խոսելով հայ-թուրքական արձանագրությունների մասին։
Խորհրդանշական համարելով այն, որ երեկ կայացած Հայաստան-Թուրքիա ազգային հավաքականների ֆուտբոլային հանդիպումն ավարտվեց մեր պարտությամբ, նա նշեց, որ Հայաստանի քաղաքականությունն էլ այսուհետ պաշտպանողական է լինելու. դրան հակառակ, Թուրքիան հայ-թուրքական արձանագրություների ստորագրումից հետո, հատկապես, հանդես է գալու հարձակվողի դիրքերից, քանի որ այդ փաստաթղթերը լիովին բխում են նրա շահերից։ «Եթե արձանագրություններն այդքան լավն էին, իշխանություններն առաջինը կփորձեին վավերացնել դրանք, ոչ թե կսպասեին թուրքական կողմի գործողություններին»,- ասաց նա։



















