Նիգերիայի Կանո նահանգում, որտեղ բնակչության մեծամասնությունը մահմեդական է, իսլամական ոստիկանությունը խանութներին կարգադրել է հագուստ գովազդելու համար միայն անգլուխ մանեկեններ օգտագործել, հայտնում է BBC-ն:
«Իսլամը դատապարտում է կռապաշտությունը»,- BBC-ին ասել է շարիաթական ոստիկանության հրամանատար Հարուն Իբն Սինան, որը հայտնի է որպես «հիսբահ»: «Գլխով այն նման է մարդու»,- հավելել է նա:
Իբն Սինան նաեւ ցանկանում է, որ անգլուխ մանեկենները մշտապես ծածկված լինեն, քանի որ «կրծքի ձեւի, մարմնի ձեւի ցուցադրումը հակասում է շարիաթի սկզբունքներին»:
Կանոն հյուսիսում մահմեդական մեծամասնություն ունեցող 12 նահանգներից մեկն է, որը կիրառում է իսլամական օրենքները: Իրավական համակարգը պետք է կիրառվի միայն մահմեդականների նկատմամբ: Բայց իրականում ոչ մահմեդականները նույնպես ճնշումների են ենթարկվում:
Խանութի սեփականատեր Չինեդու Անիան ասել է, որ առանց գլխի մանեկենի վրա հագուստների ցուցադրումը կնվազեցնի դրանց գրավչությունը եւ կազդի իր բիզնեսի վրա:
Իբն Սինան նաեւ արգելել է զեղչերի գովազդի համար «սեւ ուրբաթ» տերմինի օգտագործումը՝ նշելով, որ ուրբաթը սուրբ օր է իսլամում:





























