Սաուդյան Արաբիան «Թալիբան»-ին կոչ է արել պահպանել կյանքերը, ունեցվածքը եւ անվտանգությունը՝ «իսլամական սկզբունքներին» համապատասխան, հաղորդում է Reuters-ը

«Թագավորությունն աջակցում է այն ընտրությանը, որն անում է աֆղանցի ժողովուրդն առանց միջամտության»,- ասվում է Սաուդյան Արաբիայի ԱԳՆ հայտարարության մեջ:

«Հիմնվելով իսլամի ազնիվ սկզբունքների վրա... Սաուդյան Արաբիայի Թագավորությունը հույս ունի, որ թալիբները եւ աֆղանական բոլոր կողմերը կաշխատեն անվտանգության, կայունության, կյանքերի եւ ունեցվածքի պահպանման ուղղությամբ»:

ԱԳՆ-ը նաեւ հույս է հայտնել, որ իրավիճակը հնարավորինս շուտ կկայունանա, քանի որ հազարավոր աֆղանցիներ, վախենալով թալիբներից, լցրել են Քաբուլի օդանավակայանը` երկրից հեռանալու հուսահատ փորձ անելով:

Կատարը հայտարարել է, որ հավատարիմ է Աֆղանստանում խաղաղ անցմանը եւ անում է ամեն ինչ, որպեսզի օգնի դիվանագետներին եւ միջազգային կազմակերպությունների օտարերկրյա աշխատակիցներին երկրից տարհանելու ջանքերին:

Պարսից ծոցի վեց երկրների համագործակցության խորհրդի ներկայիս նախագահ Բահրեյնը հայտարարել է, որ Ծոցի այլ երկրների հետ խորհրդակցություններ կսկսի Աֆղանստանում իրավիճակի վերաբերյալ: