Կոնգրեսական Ադամ Քինզինգերը քննադատել է նախագահ Ջո Բայդենին եւ Դոնալդ Թրամփին Աֆղանստանի անկման համար՝ հայտարարելով, որ յուրաքանչյուրի գործողություններն ու քաղաքականությունը նպաստել են Աֆղանստանի կառավարության փլուզմանը:
Քինզինգերը քննադատության է ենթարկել երկու վարչակազմերի «անհեռատես, թույլ եւ լիակատար ձախողումը»:
«Թրամփի միամիտ վարչակազմը լեգիտիմացրեց «Թալիբան»-ին՝ նրանց հետ «բանակցելով» խաղաղության մասին, բացահայտ բանակցելով ահաբեկիչների հետ, մինչդեռ Բայդենի վարչակազմը փորձեց կատարել նախընտրական խոստումը՝ առանց որեւէ կանխատեսման, թե դա ինչի կհանգեցնի»,- ասել է նա: «Իսկ որտե՞ղ են նրանք հիմա։ Ի՞նչ են նրանք անում այսօր, որպեսզի փրկեն թալիբների կողմից գազանաբար սպանված անհամար կյանքերը»:
Կիրակի օրը թալիբները վերահսկողություն են հաստատել Քաբուլի վրա՝ ավարտելով երկրի արագ գրավումը, որը արագացավ ԱՄՆ զորքերը դուրս բերելու մասին Բայդենի հայտարարությամբ:





























