Թուրքիան հրաժարվել է ՆԱՏՕ-ի ուժերի դուրսբերումից հետո Քաբուլի օդանավակայանը վերահսկողության տակ վերցնելու ծրագրից, սակայն պատրաստ է տեխնիկական եւ անվտանգության աջակցություն ցուցաբերել, եթե «Թալիբանն» այդ մասին խնդրի, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով անվտանգության համակարգում երկու թուրքական աղբյուրների։

Աղբյուրներից մեկի խոսքով՝ օդանավակայանում տիրող «լիակատար քաոսի» պայմաններում «թուրք զինվորների հսկողության տակ վերցնելու գործընթացը ինքնաբերաբար դադարեցվել է»: «Սակայն, եթե թալիբները տեխնիկական աջակցություն խնդրեն, ապա Թուրքիան կարող է անվտանգություն ապահովել եւ տեխնիկական աջակցություն ցուցաբերել օդանավակայանում»,- ասել է աղբյուրը՝ ցանկանալով անանուն մնալ:

Նշենք, որ ավելի վաղ թուրքական իշխանությունները հայտարարել էին Քաբուլի միջազգային օդանավակայանի կառավարումն ու անվտանգության ապահովումը ստանձնելու պատրաստակամության մասին` ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի ֆինանսական եւ տեխնիկական աջակցության դեպքում: