Ազգային ժողովն օգոստոսի 17 -ին արտահերթ նիստին քննարկում է «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը:
Օրինագծով առաջարկվում է 2021 թվականին Սեւանա լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակ սահմանել մինչեւ 245 մլն մ3:
2021 թվականի ընթացքում Սեւանա լճից բացթողնվող ջրի՝ 170 մլն մ3 -ը գերազանցող չափաքանակի հաշվին արտադրվող էլեկտրական էներգիայի վաճառքից «Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերության եւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության մոտ առաջացող լրացուցիչ գումարները ենթակա են վճարման` այդ գումարների հաշվին սահմանած ուղղություններով նպատակային ներդրումների իրականացման համար: Լրացուցիչ գումարների հաշվարկման ու վճարման կարգը, ինչպես նաեւ դրանց հաշվին կատարվելիք բյուջետային ելքերի նախահաշիվը սահմանում է կառավարությունը: Արտաբյուջետային հաշվի միջոցների շրջանառությունը եւ պետական բյուջեի կատարման հաշվետվություններում արտացոլումն իրականացվում է օրենսդրությամբ սահմանված կարգով: Տարեկան արդյունքներով Արտաբյուջետային հաշվի միջոցների չծախսված մնացորդն ուղղվում է այդ հաշվից հաջորդ տարում կատարվելիք բյուջետային ելքերի նախահաշվով նախատեսվող բյուջետային ելքերի ֆինանսավորմանը:





























