Չգիտես ինչու, Հայաստանի իշխանություններն ավելի ակտիվ են արձագանքում ընդդիմության հնչեցրած կապիտուլյանտ բառին, քան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կոշտ հայտարարություններին: Այս մասին օգոստոսի 17-ին ԱԺ արտահերթ նիստին հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի խորհրդարանական խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը:

Նա նկատեց, որ ոչ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արմեն Գրիգորյանը, ոչ որեւէ այլ պաշտոնյա որեւէ հայտարարություն չի արել` ի պատասխան Ալիեւի վերջին հայտարարություններին: «Ալիեւը փաստացի ընդունեց, որ 2020-ի պատերազմը սանձազերծել է Ադրբեջանը: Այդ, ինչպես նաեւ Բաքվի կողմից հրահրված սպառազինությունների մրցավազքի կապակցությամբ պետք է լինի միջազգային հանրության համապատասխան արձագանքը»,- հավելեց Մամիջանյանը:

Պատգամավորը հիշեցրեց, որ Հայաստանը Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է, եւ Ադրբեջանն իրավունք չունի քիթը խոթել Հայաստանի եւ դրա դաշնակցի միջեւ հարաբերությունների վրա, որոնք կարեւոր գործոն են տարածաշրջանային անվտանգության ապահովման համար:

Նրա խոսքով` բանակցությունների նախապայմանը պետք է լինի հայ գերիների վերադարձը եւ Ղարաբաղի կարգավիճակի հետ կապված հարցի վերջնական պատասխանը:

«Ղարաբաղը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում»,- ընդգծեց նա: