Ջրային ռեսուրսների կրճատումը ուղիղ կապ ունի անցած արտահերթ ընտրությունների հետ: Այս մասին ԱԺ արտահերթ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

Նրա խոսքով՝ հունիսի 20-ի դրությամբ Սեւանից բաց է թողնվել 31 մլն խմ-ով ավելի շատ ջուր, քան անցած տարի:

«Հատկանշական է, որ խոշոր ջրամբարներում ջուրն այս տարի եղել է 32 մլն խմ-ով ավելի շատ, քան 2020-ին»,-նշեց Մինասյանը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, իր հերթին, նկատեց, որ չգիտես ինչու ոռոգման սեզոնն սկսվել է 10 օր շուտ եւ տարօրինակ կերպով համընկել է նախընտրական քարոզարշավի հետ:

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը վստահեցրեց, որ գետերում ոռոգման ջուրը իշխող ուժի ձեռքում դարձել է ընտրակաշառք: «Նման կաշառքով իր ժամանակին ներում շնորհեցին տուգանքներ կուտակած վարորդներին, որը զրոյական ազդեցություն գործեց ճանապարհային երթեւեկության անվտանգության մակարդակի բարձրացման վրա»-նշեց նա: