Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տաթեւ ու Տեղ համայնքներում հոկտեմբերի 17-ին համամասնական ընտրակարգով ընտրություններ կանցկացվեն։
Սա նշանակում է, որ բնակիչներն ինչպես Ազգային ժողովի ընտրությունների դեպքում, այնպես էլ ՏԻՄ ընտրություններում ընտրելու են կուսակցություն եւ ոչ թե որեւէ անձի։
Կուսակցությունների ցուցակների գրանցման, քարոզչության մեկնարկի օրվա եւ ընտրական այլ պրոցեսների վերաբերյալ ԿԸՀ–ն դեռ տեղեկատվություն չի հրապարակել։
Ավագանու ընտրություններին ցանկացող քաղաքական ուժերը պետք է ներկայացնեն ցուցակ, որի 70%-ը պետք է լինի տվյալ կուսակցության անդամ։ Եթե որեւէ քաղաքական ուժ ավագանու ընտրություններում հավաքի 50%+1, ապա օրենքի ուժով տվյալ ուժի ցուցակի առաջին համարը նշանակվելու է համայնքի ղեկավար։ Եթե որեւէ քաղաքական ուժը չհաղթահարի այդ շեմը, ապա բոլոր կուսակցություններն էլ պիտի ներկայացնեն համայնքապետի իրենց թեկնածուներին, եւ ավագանին ընտրություն կատարի։
Մեղրիում, Տաթեւում ու Տեղում բացի ավագանու ընտրություններից, տեղի կունենան նաեւ համայնքապետերի ընտրություններ, քանի որ վերջին երկուսի դեպքում լրանում է համայնքապետերի լիազորությունների ժամկետը, իսկ Մխիթար Զաքարյանը վաղաժամ հրաժարական էր ներկայացրել Մեղրիի համայնքապետի պաշտոնից։
Գորիսում միայն ավագանու ընտրություններ են լինելու, որովհետեւ համայնքապետ Առուշ Առուշանյանի լիազորությունների ժամկետը լրանում է 2022 թվականի հոկտեմբերին։
NEWS.am-ի հետ զրույցում Գորիսի փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանն ասաց, որ Առուշ Առուշանյանը մասնակցելու է ավագանու ընտրություններին, լինելու է ավագանու ցուցակի առաջին համարը։ Նշենք, որ Առուշանյանը «Վերածնվող Հայաստան» կուսակցության վարչության անդամ է։ Նա հուլիսի 16–ին երկու ամսով կալանավորվել է, մեղադրվում է ընտրողներին կաշառք տալուն օժանդակելու եւ նախապատրաստելու մեջ։
«Հույս ունենք, որ մինչ այդ արդարադատություն կլինի եւ Առուշանյանը ազատության մեջ կլինի, բայց դա էլ չի խանգարում ընտրություններին մասնակցելու համար»,– ասաց Մենուա Հովսեփյանը։
Գորիս համայնքի դեպքում, երբ ավագանու ընտրություն լինի, նոր ընտրված ավագանին եւ գործող համայնքապետ Առուշ Առուշանյանը պետք է աշխատեն իրար հետ, եթե, իհարկե, Առուշանյանը հրաժարականի դիմում չներկայացնի։
Քանի դեռ Գորիսի համայնքապետի լիազորությունները չեն ավարտվել, Սյունիքի փոխմարզպետ, ՔՊ–ական Նարեկ Բաբայանը կոռեկտ չի համարում իշխող կուսակցության թեկնածուների անուններ տալ։ Մեր տեղեկություններով, ՝Գորիսի համայնքապետի իշխանության թեկնածուների ցանկում շրջանառվում են Սյունիքի փոխմարզպետ Կարո Ավանեսյանի եւ Արշակ Մկրտչյանի անունները, վերջինս առավել հայտնի է «թուրքի Արշակ» մականվամբ։
«Ես ճանաչում եմ միայն Կարո Ավանեսյանին։ Իր վերաբերյալ քննարկումներ եղել են եւ կան, իսկ Արշակ Մկրտչյանին չեմ ճանաչում»,– ասաց Նարեկ Բաբայանը։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը բոլոր չորս՝ Գորիս, Մեղրի, Տաթեւ ու Տեղ համայնքապետերի թեկնածուներ ունի՞, Սյունիքի փոխմարզպետն ասաց, որ այս փուլում հստակ որոշում չկա այս կամ այն համայնքապետի թեկնածուի հարցում, միայն քննարկումներ են ընթանում։
Մեղրիի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարը ՔՊ–ական Արարատ Թումանյանն է, որը հուլիսի 14–ին է ստանձնել համայնքապետի լիազորությունները։ Տաթեւի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարն էլ Արթուր Մաթեւոսյանն է, որը մայիսին է նշանակվել։ Սյունիքի փոխմարզպետը չի բացառում, որ հենց նրանք էլ լինեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածուները, բայց վերջնական որոշում դեռ չկա։
«Ամենայն հավանականությամբ կլինեն ժամանակավոր պաշտոնակատարները, բայց չեմ ուզում վստահաբար ասել, որ իրենք են լինելու։ Պրոցեսներ են ընթանում, դեռ պարզ չէ»,– ընդգծեց Նարեկ Բաբայանը։
Տաթեւ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Մաթեւոսյանը մեզ հետ զրույցում չհստակեցրեց՝ արդյոք ի՞նքն է լինելու ՔՊ կուսակցության համայնքապետի թեկնածուն, ցանկություն ունի՞ մասնակցելու ընտրություններին, միայն ասաց, որ ինքն այս պահին աշխատում է, այդ մասին չի էլ մտածել. «Հենց ժամանակը գա, ես այդ հարցին հստակ կպատասխանեմ»։
Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցն ընտրություններին մասնակցելու վերաբերյալ որոշում դեռ չունի եւ չի էլ շտապում այդ մասին մտածել։
«Ժամանակը կգա, կիմանաք էլի։ Ես չէի ուզենա, որովհետեւ չարչարանքը շատ է, բայց չգիտեմ՝ ժողովուրդը եթե պահանջի, գուցե մասնակցեմ»,– ասաց Շադունցը։
Թե իշխանություններն ո՞ւմ են ուզում տեսնել Տեղ համայնքի ղեկավարի պաշտոնում, գործող համայնքապետը չգիտի, դեռ քննարկումների ակտիվ փուլը չէ. «Այս պահի դրությամբ մեր համայնքում այդ թեման երկրորդական է, առաջնահերթությունը անվտանգության հարցերին է տրված»։
Սյունիքի մարզկենտրոնում՝ Կապանում էլ տեղի կունենան ավագանու արտահերթ ընտրություններ։ Բանն այն է, որ Կապան համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են 2021 թվականի օգոստոսի 11-ին։ Ըստ Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանի՝ Կառավարությունը ավագանու լիազորությունների դադարեցումից հետո 20–օրյա ժամկետում պետք է ավագանու ընտրության օր նշանակի։ Չի բացառվում, որ Կապանում եւս հոկտեմբերի17–ին ընտրություններ անցկացվեն։
Կապանի ավագանու 15 անդամից 8–ը հրաժարական են տվել, դրա համար էլ վաղաժամկետ դադարեցվել է ավագանու լիազորությունները։ Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ ավագանու անդամները իշխանությունների ճնշումների «զոհն» են դարձել եւ հրաժարական տվել։ Թեեւ Նարեկ Բաբայանի համար հասկանալի են ավագանու արդեն նախկին անդամների հրաժարականի պատճառները, սակայն, նա գերադասում է այդ մասին չխոսել, փոխարենը վստահեցնում է՝ ճնշումների մասին խոսք լինել չի կարող։
Մեզ չհաջողվեց Կապանի համայնքապետ Գեւորգ Փարսյանի հետ կապ հաստատաել, սակայն օրեր առաջ նա «Սյունյաց երկիր» թերթի հետ հարցազրույցում ասել է, որ հրաժարական չի տալու եւ մասնակցելու է Կապանի ավագանու արտահերթ ընտրություններին։
Գործող օրենքով, համայնքապետը կարող է այլ կուսակցության ցուցակով մասնակցել ավագանու ընտրություններին։ Եթե Փարսյանի քաղաքական ուժը բացարձակ մեծամասնությունը կազմի, ապա նա միանգամից կնշանակվի Կապան համայնքի ղեկավար։ Եթե այդ կուսակցությունը չհաղթահարի 50%+ 1, ապա նա իրավունք ունի ավագանու մանդատը վայր դնել եւ լինել համայնքի ղեկավար՝ մինչեւ իր լիազորությունների ավարտը՝ 2023թվականի հոկտեմբերը։
Գեւորգ Փարսյանը «Սյունյաց երկիր» թերթի հետ զրույցում ասել է, որ եթե համայնքի ավագանու ընտրություններում իր մասնակցած ուժը մեծամասնություն չունենա, ապա ինքն անիմաստ է համարում իր հետագա պաշտոնավարումը որպես համայնքապետ։





























