ԱՄՆ-ն կշարունակի հնարավորինս շատ ամերիկացի քաղաքացիների եւ աֆղան թարգմանիչների տարհանել առաջիկա շաբաթների ընթացքում:

Նրա խոսքով, ամերիկյան բանակը, այդ թվում՝ ժամանող հազարավոր զինվորներ, լիովին կենտրոնացած է օդանավակայանում օպերացիաների եւ անվտանգության վրա:

«Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի հնարավորինս շատ ամերիկացի քաղաքացիներ տեղափոխվեն, ինչպես նաեւ՝ այն թարգմանիչներից շատերը, ովքեր օգնել են ամերիկյան ուժերին,- ասել է Քիրբին MSNBC-ին:- Առաջիկա շաբաթների ընթացքում մենք քրտնաջան կաշխատենք՝ հնարավորինս շատ մարդկանց երկրից դուրս բերելու համար»: Նա հայտնել է, որ ենթադրվում է, որ 5000-ից 10.000 ԱՄՆ քաղաքացի շարունակում է մնալ Քաբուլի հատվածում, եւ Միացյալ Նահանգները կարող են օրական 5000-ից 9000 մարդ դուրս բերել Քաբուլից:

Նա հավելել է, որ առաջիկա շաբաթների ընթացքում ԱՄՆ երեք ռազմակայան կարող է ընդունել մինչեւ 22.000 աֆղան դաշնակցի:

Վերջին 24 ժամվա ընթացքում տարհանվել է ավելի քան 700 մարդ, այդ թվում՝ ԱՄՆ-ի ավելի քան 150 քաղաքացի: Նա հավելել է, որ, չնայած օդանավակայանը բաց էր եւ թռիչքները շարունակվում էին, սակայն օդանավակայանի հարավային մասում անվտանգության հետ կապված որոշ խնդիրներ էին ծագել: «Մեր ռազմական ուշադրությունը կենտրոնացած է բացառապես օդանավակայանի վրա, որպեսզի մենք կարողանանք այն գործարկել եւ անվտանգություն ու կայունություն ապահովել այնտեղ»: