Աֆղանստանի փոխնախագահ Ամրուլլահ Սալեհը հասկացրել է, որ չի հանձնվելու թալիբներին: Ինչպես հայտնում է AFP-ն, Ամրուլլահ Սալեհը նահանջել է երկրի մնացած վերջին պատվարը՝ Քաբուլից հյուսիս-արեւելք գտնվող Փանջշերի հովիտը:
«Ես չեմ հիասթափեցնի ինձ լսած միլիոններին: Ես երբեք չեմ կանգնի թալիբների կողքին: ԵՐԲԵՔ»,- գրել է նա անգլերենով Twitter-ում ընդհատակ անցնելուց առաջ:
Մեկ օր անց սոցցանցերում սկսեցին հայտնվել նախկին փոխնախագահի լուսանկարներն իր նախկին մենթորի եւ Թալիբանի դեմ պայքարի հայտնի մարտիկ Ահմեդ Շահ Մասուդի որդու հետ Փանջշիրում:
Սալեհը եւ Մասուդի որդին, ով աշխարհազորի ջոկատ է ղեկավարում, ըստ ամենայնի, պարտիզանական շարժման ջոկատներ են հավաքում՝ թալիբներին հակազդելու համար:
Բնական պաշտպանությամբ հայտնի հովիտը ոչ մի անգամ չի ընկել թալիբների ազդեցության տակ 1990-ականների քաղաքացիական պատերազմի ժամանակ:
«Մենք թույլ չենք տա թալիբներին մտնել Փանջշիր, մենք դիմադրելու ենք մեր ողջ ուժով եւ պայքարելու ենք նրանց դեմ»,- անանունության պայմանով AFP-ին ասել է բնակիչներից մեկը: Նման ճակատամարտը վերջինը կլինի Թալիբանի դեմ Սալեհի երկարատեւ ճակատամարտում:
Սալեհը պարտիզանական հրամանատար Մասուդի հետ կռվել է 1990 -ականներին: Նա շարունակում էր ծառայել կառավարությունում՝ նախքան Քաբուլից վտարվելը, երբ թալիբները նրան գերեվարեցին 1996 թվականին: Սալեհն ասել է, որ կոշտ գծի կողմնակիցներն այնուհետեւ խոշտանգումների են ենթարկել քրոջը՝ փորձելով գտնել իրեն: «Իմ տեսակետը Թալիբանի նկատմամբ ընդմիշտ փոխվել է 1996-ին տեղի ունեցածի պատճառով»,- գրել էր Սալեհն անցյալ տարի Time ամսագրի խմբագրականում:
2001 թվականի սեպտեմբերի 11-ի հարձակումներից հետո Սալեհը, որն այն ժամանակ ներգրավված էր թալիբների դեմ պայքարում, դարձավ ԿՀՎ-ի առանցքային ակտիվը: Այդ հարաբերությունները նրան թույլ տվեցին 2004 թվականին ղեկավարել Աֆղանստանի հետախուզության նորաստեղծ գործակալությունը (NDS):
Համարվում է, որ, որպես NDS-ի ղեկավար, Սալեհը տեղեկատուների եւ լրտեսների լայն ցանց է հավաքել ապստամբության շրջանակներում եւ Պակիստանի սահմանից այն կողմ, որտեղ պուշտոախոս գործակալները հետեւում էին թալիբների առաջնորդներին: Ըստ նրա՝ Սալեհի հավաքած հետախուզական տվյալները ապացույցներ էր տրամադրում այն մասին, որ պակիստանցի զինվորականները շարունակում են աջակցել թալիբներին:
Սակայն Սալեհի վերելքն առանց կտրուկ անհաջողությունների չանցավ: 2010 թվականին նա հեռացվեց Աֆղանստանի հետախուզության գլխավոր սպայի պաշտոնից՝ Քաբուլի խաղաղության համաժողովի վրա նվաստացուցիչ հարձակումից հետո: Վտարանդի Սալեհը շարունակում էր պայքարել թալիբների եւ Իսլամաբադի դեմ Twitter-ում, որտեղ նա ամեն օր թվիթեր էր տեղադրում իր վաղեմի թշնամիների դեմ:
2018-ին նա կարճ ժամանակով ղեկավարում էր ներքին գործերի նախարարությունը նախագահ Աշրաֆ Գանիի հետ դաշինքից հետո: Այնուհետեւ Սալեհը դարձավ փոխնախագահ:




























